Ապրիլյան պատերազմը հրահրել էր Թուրքիան. նախկին նախարար
ПолитикаՀայաստանի զինանոցում «Իսկանդեր» կա Ռուսաստանի շնորհիվ, ինչը որոշում է ուժերի դասավորությունը: Ինչպես փոխանցում է ORER.am-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված հարցերին՝ բանախոսը նշեց, որ Ռուսաստանը չի հրաժարվի զենքի վաճառքից:
«Սա մանկապարտեզ չէ, իմ ու քո խաղալիքները չեն: Սրանք ռազմավարական շահեր են»,- ասաց Հարությունյանը:
Նախկին նախարարի կարծիքով՝ ապրիլյան պատերազմում Ադրբեջանը ոչ թե դրել էր Ղարաբաղը վերադարձնելու, այլ՝ լոկալ հաղթանակի խնդիր, որպեսզի փոփոխի շփման գիծը։
«Հաջողությունները, որ ունեցավ Ադրբեջանը, եղան առաջին օրը, իսկ հետագայում, երբ հայկական կողմը պետք է անցներ հակահարվածի, Ադրբեջանը զինադադար խնդրեց»,-հիշեց բանախոսը։ Վաղարշակ Հարությունյանի պնդմամբ՝ պատերազմը հրահրել էր Թուրքիան, որպեսզի հարաբերություններ պարզեր Ռուսաստանի հետ։