Եթե կարծում են, որ պետք է փոխել ընտրական օրենսգիրքը, խնդրեմ. Գեւորգ Կոստանյան
ПолитикаԵս ձեռնպահ կմնայի պնդելուց, որ եթե ընտրություններն անցկացվել են գործող ընտրական համակարգով, ուրեմն դա լավը չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ պետաիրական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:
Նրա խոսքով, բազմաթիվ երկրներ կան, որ այս համակարգն են կիրառում եւ գոհ են, եւ շատ երկրներ կան, որ այլ ընտրական համակարգ են կիրառում. «Սա քաղաքական նպատակահարմարության հարց է: Ժամանակին քաղաքական ուժերի մեծ մասը համարել է, որ այս համակարգն ընդունելի է, հիմա եթե կարծում են, որ պետք է փոխել, խնդրեմ: Բոլոր համակարգերն էլ պատշաճ կիրառելու դեպքում կարող են պատշաճ ընտրություններ ապահովել»:
Դիտարկմանը, որ ըստ Սահմանադրության ԱԺ-ում ընդդիմությունը պետք է մեկ փոխնախագահի պաշտոն ունենա, արդյոք սա նշանակում է, որ ՀՀԿ-ն պետք է հրաժարվի ԱԺ նախագահի եւ փոխնախագահի պաշտոններից, Կոստանյանն արձագանքեց. «Նախ, ՀՀԿ-ն դեռ շարունակում է մնալ մեծամասնություն: Սահմանադրական այդ կարգավորումը, որը վերաբերում է ընդդիմությանը առնվազն ԱԺ մեկ փոխնախագահ ունենալուն, դա չի նշանակում, որ երբ հավասարակշռությունը փոխվեց, անպայման ԱԺ նախագահն ու տեղակալները պետք է փոխվեն: Այդ նորմը վերաբերում է նրան, որ ընդդիմությանը առնվազն այդ մի տեղակալի պաշտոնը պետք է տրվի: Այս կարգավորումը վերաբերում է ընդդիմության նվազագույն իրավասությանը, բայց կարող է ընդդիմությանը տրվի նաեւ շատ այլ պաշտոններ»: