Նիկոլ Փաշինյանը՝ ՀՕՊ նոր համակարգերի մատակարարման մասին
ПолитикаՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող հակաօդային պաշտպանության նոր համակարգերի հարցին:
Պատգամավոր Միհրան Հակոբյանի հարցին ի պատասխան՝ դա նոր պայմանավորվածությու՞ն է, թե՞ նախկին վարկային համաձայնագրից է բխում, վարչապետը պատասխանեց, որ նախկինում էլ, երբ խորհրդարանում ապրանքային վարկի մասով քննարկումներ են եղել, այս հարցերը բաց չեն քննարկվել: Նա նշեց, ու հույս ունի, որ պատգամավորը չի ակնկալում, որ բաց ընթացակարգով այս հարցերը կքննարկեն խորհրդարանում: «Ես կարող եմ ասել, որ ՀՀ զինված ուժերի կարիքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս հարցի շատ ուղիղ պատասխանը պարունակում է պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Բայց կարող է ասել, որ Սոչի կատարած այցի և ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում իրենք խոսել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին բոլոր, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:
«Եվ մենք հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կլինի: Ես կարող եմ ասել, որ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է հաստատված ՌԴ մեր գործընկերների հետ և կարծում եմ՝ առաջիկայում այդ մթնոլորտն ավելի լավը կլինի: Հայաստանի և ՌԴ իշխանությունների միջև վստահության մթնոլորտ կա, և այդ մթնոլորտն առաջիկայում էլ ավելի կխորանա»,- նշեց Փաշինյանը: