Չենք կարող ասել՝ այս ընտրական համակարգը լավն է, մյուսը՝ վատը. Գեւորգ Կոստանյան
ПолитикаԸնտրակարգի լավն ու վատը չկա, կա քաղաքական նպատակահարմարության հարց: Այսօր՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ անցկացվող Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին:
«Ընտրական համակարգի կիրառումը քաղաքական նպատակահարմարության հարց է, իրավական չէ: Այսինքն, չենք կարող ասել՝ այս համակարգը լավն է, մյուսը՝ վատը: Ամեն ընտրական համակարգ, կիրառմամբ պայմանավորված, մի երկրում լավ է, մյուսում՝ վատ: Ինչպես նշեցի՝ կա քաղաքական նպատակահարմարության հարց: Այս պարագայում այլ հարց է՝ այդ ընտրական համակարգը մեր երկրի սովորութային, արժեհամակարգային պայմաններում արդյունավետության տեսանկյունից պատշաճ կիրառություն կունենա, թե՞ ոչ: Ժամանակը ցույց կտա»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աշխատանքային խմբեր են ստեղծվել ե՛ւ կառավարությունում, ե՛ւ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նպատակով: Խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը քննարկումները կսկսի հուլիսի 4-ից, իսկ կառավարությունում ստեղծված հանձնաժողովն արդեն 2 նիստ է անցկացրել: Այս հանձնաժողովի առաջարկով՝ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոս համամասնական, ինչպես նաեւ առաջարկվում է 1 տոկոսով իջեցնել անցողիկ շեմը: