Տպավորություն է, որ կազմավորել էին «թշնամու» թիկունքում գործողություններ անելու հատուկ խմբեր. ՀՔԾ պետը հույժ գաղտնի թիվ 0038 հրամանից մանրամասներ է ներկայացրել
ПолитикаՌոբերտ Քոչարյանին առաջարկված մեղադրանքն առանձնապես ծանր հանցագործությունների շարքին է դասվում: Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն այս մասին ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա նշել է, որ ըստ մեղադրանքի՝ կատարվել է սահմանադրական կարգի տապալում զինված ուժերը ներքաղաքական խնդիրները լուծելու համար օգտագործելով:
Սասուն Խաչատրյանն անդրադարձել է հայտնի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին: Նա նշեց, որ պաշտպանական կողմից ասվել է, որ եթե փաստաթղթի ձևը պահպանվել է, ստացվում է, որ դրա բովանդակությունը կարևոր չէ, սակայն դա նույնն է, եթե հրամանագիր ընդունվեր ու որոշվեր, որ 15 անձի պետք է կախաղան հանեն, սակայն հրամանագրի ձևը պահպանվեր:
Սասուն Խաչատրյանի խոսքով՝ օրենքով հստակ սահմանվում է, թե ինչ է նշանակում սահմանադրական կարգ տապալել, դա այն է, երբ դադարում են գործել Սահմանադրության 1-5-րդ և 6-րդ հոդվածի 1-ին մասի նորմերը:
«Ինձ համար անհասկանալի է, որ պաշտպանական կողմն, ունենալով այս նույն հրամանը, այդպիսի հայտարարություններ է անում, թե զորքը մնալու էր զորանոցում»,-ասել է նա:
Ըստ ՀՔԾ պետի՝ այդ հրամանի 3-րդ կետով հրամայվել է ՀՀ ՊՆ ԶՈւ վարչությունների պետերին ու բանակային կորպուսների հրամանատարներին ստեղծել բարձր շարժունակության բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, ըստ դասակների կազմակերպել, զինել հրաձգային զենքով:
«Իսկ 10-րդ կետով նախատեսված է, որ այս ստորաբաժանումները պետք է համալրվեն առավելապես պատրաստված, հոգեպես կայուն ենթասպաներով ու զինծառայողներով: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք ինչ-որ դիվերսիոն գործողություններ պետք է կազմակերպեին «թշնամու» թիկունքում»,-նշել է նա:
Դիտարկմանը, թե սա չի փաստում, որ որևէ գործողություն եղել է ՊՆ զենքերով, ինչի մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, Սասուն Խաչատրյանն արձագանքել է, որ Ռ. Քոչարյանը չէր կարող իմանալ՝ արդյոք զենքերն օգտագործվել են, թե ոչ: «1700-ից ավել պարկուճ է առգրավվել, իդենտիֆիկացվել է 1400-ը, 300-ը չի իդենտիֆիկացվել: Հույս ունեմ, որ կկարողանանք գտնել սպանությունները կատարած անձանց»,-ասել է նա՝ խոստանալով նոր բացահայտումներ:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ռոբերտ Քոչարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորված է: Նա մեղադրանքը չի ընդունում: