Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության մասնակցությամբ խորհրդարանը կունենա պրոֆեսիոնալ ընդդիմություն
ПолитикаԱզգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանըվստահեցնում է՝ Հանրապետական կուսակցության ցուցակում այլևս չկան այն կուրյոզ դեմքերը, որոնց համար իրենց մեղադրում էին: Նրա կարծիքով՝ ԱԺ-ում պետք է լինի տեղեկացված ընդդիմություն, իսկ դա իրենց կուսակցությունն է: Նա նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Կուսակցության ցուցակում կան բավականին նոր մարդիկ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված: Երիտասարդ դեմքեր շատ կան, և այս իմաստով կուսակցության ցուցակը որոշակի փոփոխություն է կրել: Հիմնականում քաղաքական դեմքեր են ընդգրկված մեր ցուցակում: Այն կուրյոզ դեմքերը, որոնց համար մեզ մեղադրում էին, չկան Հանրապետական կուսակցության ցուցակում: Այդ իմաստով կարծում եմ, որ կանցնենք խորհրդարան»,- ասաց Եսայանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չի գլխավորել ցուցակը՝ պատգամավորն ընդգծեց, որ նախորդ ընտրություններում նա ևս չէր գլխավորել ցուցակը: Կուսակցությունն է այդպիսի որոշում կայացրել:
Եսայանի կարծիքով՝ խորհրդարան անցնելու իրենց շանսերի մասին ընտրողը պետք է խոսի, սակայն կարծում է, որ Հանրապետական կուսակցության մասնակցությունը ճիշտ էր, որպեսզի խորհրդարանում լինի պրոֆեսիոնալ ընդդիմություն, չլինի միակուսակցական համակարգ: «Խորհրդարանում պետք է լինի տեղեկացված ընդդիմություն: Կարծում եմ՝ արտաքին քաղաքական գծում մեզ լուրջ վտանգներ են սպասվում: Այդ իմաստով կարծում եմ, որ պետք է լինի այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որը բավականաչափ տեղեկացված է: Ճիշտ կլինի , որ ՀՀԿ-ն լինի խորհրդարանում, քանի որ հիմա ցուցակում քաղաքական դեմքերը շատ են կամ միայն քաղաքական դեմքեր են: Եվ հաջորդ խորհրդարանի համար կարևոր է նրանց ներկայությունը»,- եզրափակեց Եսայանը: