Մենք երեք խոշոր հաղթանակ ենք ունեցել. անկախությունը, ամենակարևորը՝ Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, ինչպես նաև ժողովրդի տարած քաղաքացիական հաղթանակը. Ն. Փաշինյան
ПолитикаԱմբողջ աշխարհը գիտի, որ այն հեղափոխությունը, որ ի վերջո հաղթական ավարտ ունեցավ Երևանում, սկսել է Գյումրիում 2018 թվականի մարտի 31-ին: Այս մասին Գյումրիում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք Գյումրիից սկսեցինք, քանի որ գիտեինք՝ այն գործը, որ Գյումրիից է սկսվում, «խերով» է, «դուխով» է, աջ է գնալու, և ես բոլորին՝ նաև ներդրողներին, խորհուրդ եմ տալիս ներդրումները սկսել Գյումրիից, քանի որ «խերով» է լինելու»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո Գյումրիում չի եղել: «Գիտեմ, որ մի քիչ էլ նեղացած եք, որ հեղափոխությունից հետո Գյումրի չեմ եկել, մեղավոր եմ, պատժե՛ք, բայց էս հեղափոխությունը քանի կա, ես մտքով այս հրապարակում եմ, քանի որ առաջին «դուխը», առաջին սերը, առաջին ուժը դուք եք տվել և դարձել եք այդ հեղափոխության անկյունաքարը»,- ասաց նա և նշեց, որ եկել և վստահության քվե են ուզում` տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում այն մասին, թե ինչպես պետք է վերականգնեն աղետի գոտին, և դրա ելքը տնտեսական հեղափոխությունն են համարում: «Գյումրեցին որևէ մեկի ողորմության կարիքը չի ունեցել և չի ունենալու, գյումրեցին միշտ աշխատել է, հարուստ է եղել և ապրելու է բարեկեցիկ»,- ասաց նա և հայտնեց, որ դեկտեմբերի յոթին Գյումրիում Կառավարության արտահերթ նիստ է լինելու, և ինքը կրկին լինելու է Գյումրիում:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց արդեն իրականացրած աշխատանքները՝ 85 հազար կենսաթոշակառուների թոշակ են բարձրացրել, և ներկայումս պարենային զամբյուղից ցածր գումար ստացող կենսաթոշակառու չկա, 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացրել են, 400 միլիոն դրամ են հատկացնում, որ աշակերտները անվճար այցելեն թատրոն, թանգարան, համերգ:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը նշեց, որ ցանկանում է՝ հաղթի լավատեսությունը, քանի որ միշտ հոռետեսությունն է եղել հաղթող: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ընտանիքի մասին ինչ սուտ ասես տարածում են: «Բանը հասել է նրան, որ երբ իմ որդին զորակոչվում էր բանակ և որպես կամավոր պետք է ծառայեր Արցախում, որոշ վայ լրատվամիջոցներ գրում էին, թե իրականում չի ծառայելու, վարձով է մնալու, տո դուք ո՞վ եք, ա՛յ նախկին թալանչիներ, և ես հպարտ եմ, որ իմ որդին ծառայում է զորամասերից մեկում որպես շարքային զինվոր, ինչպես ձեր երեխաներն են ծառայում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք երբեք այս հեղափոխության ընթացքում թիմ-թիմ չեն խաղացել: «Ես ասել եմ, որ այս հեղափոխության առաջնորդը դուք եք, և բացառվում է, որ լինի բարձր պրոֆեսիոնալ արժանի կադր, որ մեր կառավարության, համակարգի մեջ իր տեղը չգտնի: Մենք երբեք թույլ չենք տա նախկին սխալները, որ բացառապես կուսակցական սկզբունքով ընտրենք կադրեր, ընդհակառակը, այսօր մեր կուսակցության շատ ներկայացուցիչներ խռովում են, որ մենք իրենց պաշտոններ չեն տալիս, բայց մենք ասում ենք, որ ով պաշտոնի համար է պայքարում, թող խռովի գնա, քանի որ այս պայքարը պաշտոնի համար չէ, այլ ծառայության համար է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք երեք խոշոր հաղթանակներ ենք ունեցել, առաջինը անկախության ձեռքբերումն է, հաջորդը՝ ամենակարևորը, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, իսկ երրորդը 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի տարած քաղաքացիական հաղթանակն է:
«Դուք հարստանալու և հարստացնելու եք, սա է մեր պարտավորությունը: ՀՀ քաղաքացին, գյումրեցին ծուռ վզով չի կանգնելու հաստավզերի առաջ, հաստավզերն են ծուռ վզով կանգնելու ժողովրդի առաջ»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ ՀՀ բնակչությունն առաջիկա քսան տարվա ընթացքում պետք է կրկնապատկվի, և նաև մեծ հայրենադարձության միջոցով ՀՀ բնակչությունը պետք է դարձնեն հինգ միլիոն:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս քարոզարշավում անակնկալ է պատրաստել և որոշել է ամեն մի մարզկենտրոնում մի բանաստեղծություն նվիրել. Վարչապետի պաշտոնակատարը Ավետիք Իսահակյանի հայրենի քաղաքում «Հեյ ջան, հայրենիք» բանաստեղծությունը արտասանեց: