Կարեւոր ենք համարում ԵՏՄ ներսում վստահության մակարդակի ամրապնդումը. Փաշինյան
ПолитикаԿարեւոր ենք համարում ԵՏՄ ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը կստեղծի տեխնիկական հիմք այդպիսի ամրապնդման համար:
«Կարեւոր է, որ այդ համակարգերը լինեն ժամանակակից ու տնտեսող, վերացնեն խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն դրանք: Հայաստանի համար, որը ոչ մի ընդհանուր սահման չունի ինտեգրացիոն միության հետ, թվային հետագծելիությունը կարող է երաշխիք լինել բոլոր չորս ազատությունների իրականացման համար` չստեղծելով լրացուցիչ խոչընդոտներ:
Մենք նպատակահարմար ենք համարում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության եւ առեւտրի բնագավառում ԵՏՄ անդամ պետությունների կարգավորումների եւ կանոնակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջեւ կանգնած խոչընդոտների զգալի մասը միասնական, համակարգված եւ համաձայնեցված գործունեության կանոնների բացակայության արդյունք է:
Ոչ պակաս կարեւոր է նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման անհրաժեշտությունը, որն ապահովում է աշխատանքային գործունեություն իրականացնող անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ մեր երկրների զարգացմանը նպաստ բերած թոշակառուների իրավունքների արդյունավետ եւ արդարացի իրացումը:
Կարեւոր է շարունակել երրորդ երկրների եւ միությունների հետ ԵՏՄ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Իրանի եւ Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, եւ Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի եւ Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:
ԵՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրս բերմանն ուղղված միասնական ջանքերը - տնտեսության բազմաթիվ ոլորտներում միության ինքնապահովման պայմաններում - աստիճանաբար դառնում են մեր տնտեսությունների հավասարակշռված աճի ապահովման հիմնական մարտահրավերներից մեկը: Այդպիսի ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ եւ կնպաստեն միության ներսում կոոպերատիվ շղթաների առաջացմանը:
Անհրաժեշտ է շարունակել ջանքերը, որոնք ուղղված են մատչելիության մակարդակի բարձրացմանը, ֆինանսական հատվածի աճին եւ կայունության ապահովմանը, ինչպես նաեւ այս շուկայում մրցակցության արդյունավետության բարձրացմանը եւ զարգացմանը: Պետք է նաեւ ձգտել միմյանց ազգային արժույթների զգալի աճ ապահովել մեր երկրների սուբյեկտների միջեւ հաշվարկներում:
Մենք համոզված ենք, որ մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում հավասար համագործակցության զարգացումը, ի վերջո, պետք է ծառայի բիզնեսի եւ մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ միջավայր ստեղծելուն:
Արդյունավետ համագործակցության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աջակցութան ակնկալիք ունեմ 2019 թ. Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում: Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված եւ արդյունավետ միություն, որը ծառայում է մեր տնտեսությունների, պետությունների եւ ժողովուրդների շահերին»,-ընդգծել է Փաշինյանը: