Նորաստեղծ կուսակցությունների հաշվարկը սխալ է եղել
ПолитикаՔաղաքագետ, ԵՊՀ քաղաքական գործընթացների և ինստիտուտների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանը Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ գրանցված բազմաթիվ կուսակցությունների ներկա պասսիվությանը, տեսակետ հայտնեց, որ Հայստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էական փոփոխության ենթարկվեց նաև քաղաքական և կուսակցական համակարգը:
Այսինքն՝ նախկինում, երբ մեկ քաղաքական կուսակցության դոմինանտության պայմաններում գործում էր, այսպես ասած, բազմակուսակցական համակարգ, ստեղծվել էր մի իրավիճակ, որ նոր ձևավորվող կուսակցությունները մեծ հաշվով խորհրդարան անցնելու շանսեր չունեին:
«Խաղի կանոններն այնպիսին էին, որ հնարավոր չէր մուտք գործել քաղաքական դաշտ և պայքար մղել իշխանության համար: Իշխանափոխությունից հետո, նախկինում դոմինանտ դիրք զբաղեցնող քաղաքական ուժը զիջեց իր դիրքերը: Այդ ընթացքում, երբ խորհրդարանական ընտրություններին առանց ընտրակեղծիքների մասնակցելու հնարավորություն առաջացավ, ձևավորվեցին նոր կուսակցություններ:
Ու չնայած դրանցից միայն երեքին հաջողվեց մասնակցել ընտրություններին, բայց նրանց չհաջողվեց անցնել խորհրդարան: Ընտրություններից հետո, սակայն, նոր ձևավորված կուսակցությունները ակտիվ քաղաքականություն չեն վարում և, ըստ էության, չեն մասնակցում հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին: Այսինքն՝ այս պահին կարող ենք արձանագրել, որ պահի թելադրանքով ծնված կուսակցությունները բավարար ռեսուրսներ չունեն երկարատև գործունեություն ծավալելու համար»,- ասաց Գ. Քեռյանը:
Ըստ քաղաքագետի, ստացվում է, որ նրանց՝ մեկ-երկու ամիս գործելու հաշվարկը սխալ է եղել, քանի որ առանց տեղական կառույցների և կուսակցական համակիրների հնարավոր չէ երկարակեցություն ապահովել: Մյուս կողմից՝ նրանք այդպես էլ չեն կարողանում հասարակությանը պատշաճ մատուցել իրենց կուսակցությունների պլատֆորմը, ինչը համախոհների բանակն ավելացնելու ևս մեկ հնարավորություն է:
«Առանց քաղաքական իմիջ և վարկանիշ ձևավորելու կուսակցությունը դժվար կկարողանա երկարակեցություն ապահովել: Չնայած, կարող է լինել նաև հակառակ կարծիք, բայց տպավորությունն այնպիսին է, որ նորաստեղծ կուսակցությունների միակ ցանկությունը խորհրդարան անցնելն էր: Մինչդեռ այս շրջանում նրանք հնարավորություն ունեն երկարաժամկետ կտրվածքով իրենց համար քաղաքական վարկանիշ կուտակելու և պատրաստվելու հաջորդ ընտրություններին»,- ասաց Գ. Քեռյանը:
Պատասխանելով հարցին, թե՝ քաղաքական մի դոմինանտ ուժին մեկ այլ ուժով փոխարինելու դե ֆակտո իրավիճակն արդյո՞ք նախկինում առկա տխուր փորձի կրկնության վտանգներ չի ենթադրում, քաղաքագետը պատասխանեց.
«Հիմա նման գնահատական տալը դեռ վաղ է: Հարկավոր է երկու-երեք տարի, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը գնահատել: Այսինքն՝ այդ ընթացքում արդեն կամաց-կամաց տեսանելի կդառնա, թե ինչ կառավարման մարմիններ են ձևավորվում կուսակցությունների ներկայացուցիչների ներգրավվածության ինչ մակարդակ է և այլն:
Մեկ բան ակնհայտ է, որ եթե նախկինում գործադիր և օրենսդիր մարմիններում ՀՀԿ-ն էր գերակշիռ դիրք զբաղեցնում, հիմա նույն իրավիճակում «Իմ քայլը» դաշինքն է: Բայց սա դեռ բավարար ցուցիչ չէ հետևություններ անելու համար, քանի որ կան բազմաթիվ երկրներ, որտեղ 20-30 տարի մեկ կուսակցություն դոմինանտության պայմաններում ո՛չ ժողովրդավարության աստիճանն է նվազել, ո՛չ էլ երկրի վարկանիշը:
Հակառակը, դա նպաստել է երկրի զարգացմանը և հանգեցրել է կտրուկ տնտեսական վերելքին: Այսինքն՝ հիմա գնահատականներ հնչեցնելու և խառնաշփոթ իրավիճակ առաջացնելու փոխարեն, հարկավոր է կուսակցությունների վարքագծի ուսումնասիրություն իրականացնել»,- ասաց Գ. Քեռյանը:
Արմինե Գրիգորյան