«Ծռերի» հերթական կապրիզը՝ ինքնահաստատվելու փորձ
Политика«Սասնա ծռեր» կուսակցության անդամները կրկին պատրաստվում են ավտերթով դեպի Արցախ մեկնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրել է կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանը:
Երթն այս անգամ կոչել են «Միասնության ավտոերթ», սակայն պարզ չէ, թե կոչն ում է ուղղված, երբ Արցախը վաղուց ապացուցել է, որ ոչ միայն միասնական է, այլև կեղծ օրակարգ ձևավորելու և դրանով ապրելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ցանկություն: Հայտարարության մեջ կոչ են անում ակտիվ մասնակցել իրենց ակցիային: «Ծռերը» կրկին մոռացել են, որ Արցախի ժողովուրդը միասնականության հավելյալ քարոզի կարիք չունի: Արցախցիները միասնական են ո՛չ միայն Արցախում, այլև երկրի սահմաններից դուրս: Այդպես եղել է միշտ և հիմա էլ շարունակում են միասնական լինել, ուստի դրսից հավելյալ միասնություն ներմուծելու կարիք չունեն:
Ի դեպ, «Ծռերի» կազմակերպած երթերն ամեն անգամ որոշակի լարվածություն են առաջացնում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, բայց, կարծես, դա ամենևին էլ չի հետաքրքրում կուսակցության ղեկավարներին: Արցախի իշխանական վերնախավը, հասարակական կազմակերպությունները և ժողովուրդը բազմիցս հայտարարել են, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ցանկացած ավելորդ իրարանցում կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել ու իրավիճակ սրել սահմանագծում, բայց «Ծռերին», կարծես, դա ևս չի հետաքրքրում:
Ավելի շուտ կուսակցության անդամներն ինչ-որ բան են ուզում առաջին հերթին իրենց ապացուցել, փաստացի արհամարհական վերաբերմունք դրսևորելով արցախցու առանց այն էլ լարված առօրյային: Կուսակցության անդամների համար հավանաբար նման աղմկահարույց օրակարգ ձևավորելը և դրանից հաճույք ստանալն է կոչվում հայրենասիրություն, բայց հանուն արդարության ընդգծենք, որ հայրենասիությունը ո՛չ զենքի ուժով պետական կառույցներ ներխուժելը ու երկիրը տակնուվրա անելն է, ո՛չ էլ արտաքին թշնամու դեմ օր ու գիշեր պայքար մղող երկրում խժդժություններ հրահրելը:
Ու թեև արցախցին նման պրովոկացիաների երբեք էլ չի ենթարկվել, սակայն քամի անելն ու գալը «Ծռերն» ուզում են ավադույթ դարձնել, մոռանալով, որ իրենց հակառակորդները ոչ թե Հայաստանում կամ Արցախում են, այլև մեր սահմաններից դուրս: Իսկ եթե պատերազմի բովով անցածներն ուզում են մի լավ բան անել երկու երկրների համար, ապա նվազագույնը՝ իրենց տեղում հանգիստ նստելն է, ոչ թե թուր կեծաkին կապելն ու աջ-ձախ քամի անելը:
Արմինե Գրիգորյան