Իրավաբանական վարչության պետն աշխատանքից ազատվել է օրենքները սխալ մեկնաբանելու համար
ПолитикаԱպրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանին, անձնական դիմումի համաձայն:
Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն, պատճառը օրենքների սխալ մեկնաբանությունն է եղել, որի պատճառով կառավարության աշխատանքն այսօր որակվում է որպես հակասահմանադրական: Սա չէր կարող վրիպել վարչապետի աչքից, քանի որ հետագայում այն կարող է այլ շահարկումների պատճառ դառնալ, ինչն այսօրվա իշխանություններին բոլորովին պետք չէ:
Հիշեցնենք, որ սահմանադրագետ Վարդան Այվազյանը Orer.am-ի հետ զրույցում նշել էր, որ իսկապես կա նման բան, քանի որ կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի համաձայն կառավարությունը համարվում է ամբողջովին ձևավորված, եթե կառավարության երկու երրորդը նշանակված է, սակայն այդ դրույթը վերաբերում է ոչ թե սովորական, այլ ֆորսմաժորային իրավիճակներին: Իսկ չորս ու կես ամիս վարչապետի կաբինետն ամբողջությամբ չձևավորելը սխալ մոտեցում է: Բացի այդ, երկրում որևէ ֆորսմաժորային իրավիճակ չկա, մինչդեռ կառավարության նիստերին դեռևս չկրճատված գերատեսչությունների ղեկավարների փոխարեն մասնակցում են նախարարների տեղակալներ, ինչի իրավունքը չունեն:
«Իրականում նախարարը պետք է իր տեղակալին լիազորի մասնակցել կառավարության նիստերին: Բայց, փաստորեն, որոշ գերատեսչություններ նախարարներ չունեն, որ իրենց պարտականությունները լիազորեն տեղակալներին: Եվ արդեն մի քանի ամիս է կառավարության նիստերը նման ձևով են ընթանում, ինչը հակասահմանադրական իրավիճակ է համարվում»,- նշել էր Վ. Այվազյանը:
Արմինե Գրիգորյան