Բնապահպանության նախարարը, փաստորեն ստե՞լ է
ПолитикаՍևանա լճի հացը՝ քաղաքական է և պետք է համապատասխան լուծում ստանա: Այսպիսին է իշխանական թևի պատգամավորների մոտեցումը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասայնն այսօր անդրադառնալով Սևանա լճի հիմնախնդրին ահազանգ հնչեցրեց, նշելով, որ քաղցրահամ ջրի մեծ պաշարն այսօր ունի հեղափոխական վերաբերմունքի կարիք, ինչը, սակայն, դեռևս տեսանելի չէ:
Լրագրողական տարիներից նա հետևողական է եղել այս հարցին, իսկ անցյալ ամիս բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից փորձել է ճշտել, թե Սևանի ափամերձ տարածքները մաքրելու համար ներկայում ի՞նչ ծրագրեր են իրականացվում, երբվանի՞ց են դրանք սկսվելու և ո՞ր հատվածներում են իրականացվելու: Նախարարը հավաստիացրել է, որ ափամերձ որոշ հաշվածներում արդեն իսկ սկսվել են մաքրման աշխատանքները, իսկ որոշ հատվածներում էլ բնակիչների ներգրավվածությամբ այն պետք է իրականացվի:
Անցած շաբաթ, սակայն, պատգամավորը շրջել է Սևանի ափամերձ տարածքներով, բայց մաքրման աշխատանքեր իրականացնողների այդպես էլ չի հանդիպել: Տարածքները ևս մաքուր չեն եղել:
«Ու քանի որ նախորդ տարի ընդհանրապես մաքրման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի այս տարի պետք է մաքրման հսկայածավալ աշխատանք իրականացվի: Եվ մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե 117 մլն դրամն ինչպես է բավարարելու այդ հսկայածավալ աշխատանքներն իրականացնելու համար»,- ասաց Թ. Թովմասյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նույնպես անդրադառնալով Սևանի հիմնախնդրին, նշեց, որ կան խնդիրներ, որոնք օր-օրի խորանում են: Հարցին լուծում տալու համար նա առաջարկեց Սևանի մասին օրենսդրությունը վերափոխել, քանի որ իշխանություններն իրավունք չունեն հանգիստ նայել, թե ինչպես է շարունակում Սանա լիճը ճահճանալ, որի հետևանքները կարող են անդառնալի լինել, ոչ միայն երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար:
«Մենք պետք է վերջիվերջո հայտարարենք, որ Սևանա լճի ջուրը, դա խմելու ջուր է և սա Սևանի հետ կապված մեր քաղաքական նպատակն է: Այսինքն՝ այդ ջուրը ոչ թե նախատեսված է ոռոգման կամ էլեկտրաէներգիա ստանալու համար, այլ՝ խմելու: Եվ մնացած բոլոր նպատակները պետք է ստորադասվեն ի շահ Սևանի և խմելու ջրի հսկայական պաշարի փրկության»,- ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությունը հավաստիացրել է, որ այս տարի Սևանից ջրառ չի իրականացվելու: Եվ չնայած դրան, նա իր գործընկերներին հորդորեց, որ եթե հանկարծ նման հայցով կառավարությունը դիմի Ազգային ժողովին, պատգամավորները մերժեն կառավարության առաջարկը, քանի որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա օրհասական կլինի Սևանա լճի համար:
Արմինե Գրիգորյան