ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարտավո՛ր են վերականգնել նախկին ձևաչափը. «Արդարություն» կուսակցության հայտարարությունը
ПолитикаՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ինքն իրավասու չէ ներկայացնել նաև Արցախի իշխանություններին, քանի որ վերջիններիս կողմից նման լիազորություն չունի, ամենևին էլ պոպուլիստական տարրեր չէր պարունակում, այլ իրերն իրենց անունով կոչելու լուրջ քաղաքական հայտ էր, որին Արցախում երկար են սպասել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չգնացին ձևաչափի փոփոխության, չնայած իրականում խոսքն ընդամենը նախկին ձևաչափի վերականգնման մասին է, որը փոփոխվել է հենց համանախագահների կողմից բանակցային գործընթացի հանդեպ ոչ սկզբունքային դիրքորոշման պատճառով: ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ընդունվեց գոհունակությամբ, որովհետև վերջիններս բանակցային ձևաչափի փոփոխության մեջ Արցախի անկախության ճանաչման մոտիվացիոն քայլեր էին նշմարում:
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ընդունում օրինական ճանապարհով Արցախում ձևավորված իշխանություններին և բանակցային գործընթացում Արցախը չի ընկալում հակամարտության լիարժեք կողմ:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանը հակամարտող կողմ չի հանդիսանում, այլ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է:
Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վերականգնել բանակցությունների նախկին ձևաչափը: