Շրջակա միջավայրի նախարարությունը փոխում է գործունեության քաղաքականությունը
ПолитикаԲնապահպանության նախարարությունը անվանափոխվելուց հետո փոխել է ոչ միայն տարբերանշանը, այլև քաղաքականությունը: Այսուհետ կառույցը կրում է Շրջակա միջավայրի նախարարություն անվանումը: Բացի այդ, գերատեսչությունը նոր սկբունք է որդեգրել և նախկին փոխհատուցման սկզբունքից անցում է կատարելու կանխարգելման քաղաքականության:
Այսինքն՝ եթե նախկինում բնապահպանական օրենսդրությունը հիմնված է եղել վնասիր և մուծիր սկզբունքի վրա, ապա այժմ բնապահպանական ողջ օրենսդրությունը հիմնված կլինի կանխարգելման սկզբունքի վրա: Սա նշանակում է, որ նոր գործողությունների շնորհվ հնարավոր կլինի փրկել էկոհամակարգն աղտոտումից:
Եթե նախկինում տնտեսվարողներին թույլատրվում էր պաշարներն ավել, նույնիսկ անխնա օգտագործել և բնությունն ավելի շատ աղտոտելու դիմաց հավելյալ գումարներ մուծել ու հանգիստ աշխատանքը շարունակել, ապա այսուհետ նոր օրենսդրությունը թույլ կտա սահմանել չափորոշիչներ, որոնց խախտելու դեպքում կկիրառվեն կոշտ մեխանիզմներ:
Նոր քաղաքականության երկրորդ կարևոր ուղղություն այն է, որ խոշոր ընկերությունների կողմից էկոհամակարգին հասցված վնասները ևս այսուհետ կառավարելի կդառնան: Այլևս հնարավոր չի լինի հանքերի գերշահագործել կամ այլ ապօրինի գործառույթներ իրականացնել:
Անշուշտ, միայն ցանկությունները բավարար չեն հանգիստ շունչ քաշելու ու էկոհամակարգը փրկված համարելու համար: Ուստի այս հարցին դեռ կանդրադառնան բնապահպանները, որոնք ավելի մոտիկից գիտեն, թե որտեղ են բացթողումներն ու նոր քաղաքականության դեպքում առաջարկվող լուծումներն ինչքանով կօգնեն ոլորտը կառավարելի դարձնելու համար: