Աշոտ Արսենյանի որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինծառայությունից խուսափելու դեպքով
Политика«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել փաստաթուղթ կեղծելու միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:
Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից: Վահագն Արսենյանը, սակայն, գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ:
Հիշեցնենք, որ մեր հրապարակումներից մեկում գրել էինք, որ Արսենյանի եկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:
Տեղեկացնենք, որ մենք մի շարք պաշտոնատար անձանց և վերջիններիս որդիների՝ զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ստուգման վերաբերյալ ցուցակ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ՝ խնդրելով հստակեցնել, թե վարչապետի հանձնարարականի շրջանակում ում տվյալներն են ստուգվել և արդյոք վերջիններս ներգրավվել են հարուցված քրեական գործերում: Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ զինվորական ծառայությունից ազատման հիմքերը ստուգվում է այն դեպքում, երբ առկա է հանցագործության մասին հաղորդում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք Ապարանի ոստիկանապետի որդու և եղբորորդու նկատմամբ հարուցված քրեական գործի մասին: