Որեւէ ազդեցություն դպրոցներում ՔՊ-ականների կամ որեւէ այլ ուժի, գոնե վերջին 1,8 տարում չի եղել. ԿԳՄՍ նախարար
ПолитикаՈրեւէ ազդեցություն ՔՊ-ականների կամ որեւէ այլ կուսակցության գոնե վերջին 1 տարի 8 ամիսների ընթացքում չի եղել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հիշեցմանը, որ դպրոցների կառավարման խորհուրդներում ներգրավված են ՔՊ անդամներ:
«Ես այս մասին խոսել եմ ԱԺ բարձր ամբիոնից եւ խնդրել եմ օրինակներ ներկայացնել»,-հավելեց նախարարը:
Նա անդրադարձավ նաեւ սահմանադրական հանրաքվեին եւ պնդումներին, որ տեղի է ունենում հակաօրինական գործընթաց. «Այն գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանում, բխում են այն առաջնահերթություններից, որոնք սահմանվել են 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների եւ դրան հաջորդած ընտրությունների ժամանակ; Դրա արդյունքում ձեւավորված կառավարությունը գործում է այդ տրամաբանությամբ եւ այդ ոգով: Այն փոփոխությունները, որոնք նախանշված են սահմանադրական հանրաքվեի ժամանակ, լուծելու են այդ խնդիրները»,-ասաց նախարարը:
Հարցին, թե կիսո՞ւմ է տեսակետը, որ սա կլինի իշխանության վստահության հանրաքվե, նա արձագանքեց. «Ես կարծում եմ՝ սա լինելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե»: