Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր
ПолитикаԱրցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը փետրվարի 21-22-ը համատեղ այցեր են կատարել Արցախում տեղակայված որոշ զորամասեր, ինչպես նաև ռազմական ոստիկանություն ու Շուշիի քրեակատարողական վարչություն, հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպաններն իրենց շրջայցերի ու առանձնազրույցների ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին և առնչվող հիմնախնդիրներին: Նրանք ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային ու բուժսպասարկման պայմաններին, ինչպես նաև ծառայության կազմակերպման որոշ այլ առանձնահատկությունների:
Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանների գլխավորած թիմերը արձանագրել են որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպաններն իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ են ներկայացնելու պետական լիազոր մարմիններին: