Համաժողովրդական շարժման պատրանք ստեղծելու նպատակով ԲՀԿ-ն փորձում է իր շուրջը համախմբել արտախորհրդարանական ուժերին: ԲՀԿ առաջնորդի խոսքով «խորհրդարանից դուրս էլ կան գրագետ ու նվիրված մարդկանց համախմբող ակտիվ կուսակցություններ, որոնց ևս մեր ժողովրդի համար օրհասական այս պահին տրված է հնարավորություն կարևոր քայլ անելու»: Եվ քանի որ ԲՀԿ-ում խոսքը գործ է, սկսեցին հանդիպել այնպիսի «ակտիվ» կուսակցությունների ու «գրագետ» կուսակցապետերի հետ, որ տարակուսանք է առաջացրել ոչ միայն եռյակի հիմնադիր անդամների, այլև շարժման քիչ թե շատ համակիրների մոտ:
Ակնհայտ է, որ ՀԱԿ առաջնորդը չի մոռացել, թե որքան սառնությամբ ու քամահրանքով վերաբերվեց ԲՀԿ-ն Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն եռյակին միակցելու առաջարկությանը, որ առաջին նախագահը հնչեցրեց ոչ այլ տեղ, քան հանրահավաքի ժամանակ:
Ի տարբերություն վերջին օրերին ԲՀԿ-ի թեթև ձեռքով շարժման թափանիվին կցված լուսանցքաքյին մի շարք գործիչների ու կուսակցությունների, Լևոն Տեր-Պետրոսյանի պրոտեժեն աննախադեպ ընտրազագված էր հավաքել նախագահական ընտրությունների ժամանակ, ի տարբերություն Արամ Հարությունյանի, որը հազիվ էր հաղթահարում ընտանեկան ձայների շեմը, կամ Տիգրան Կարապետիչի, որի ընտրապայքարը պարբերաբար ավարտվել է երազախաբությամբ:
ԲՀԿ-ն առիթը չի կորցնում ասելու, որ եռյակում որոշիչ խոսքն իրեն է պատկանում, որ ինքն է շարժման լոկոմոտիվը, և մյուսները պետք է ընդունեն խաղի իր կանոնները:
Պատրա՞ստ է, արդյոք, Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ապագան կապել անլուրջ և վստահություն չներշնչող մարդկանցով համալրվող մի շարժման հետ, որտեղ ինքը նույնիսկ արդեն երկրորդ ջութակի կարգավիճակ չունի:
Արդո՞ք այդքան մեծ է ԲՀԿ-ի ֆինանսական ռեսուրսից կախվածությունը, որ պատրաստ է երեսուն արծաթի դիմաց հարրթակում կանգնել Գառնիկ Իսանգուլյանների, Արամ հարությունյանների, Տիգրան Կարապետիչների կողքին, ում մասնակցությունն այս շարժմանը հին լեզուների և ժողովուրդների պատմության գիտակին առանց հուշելու անկասկած հիշեցնում են բաբելոնյան աշտարակաշինության տխուր վախճանը:
Կարո՞ղ է, արդյոք, եգիպտական բուրգերի հարևանությամբ մի կուշտ փորով հաց ուտելու գայթակղությունը փարատել քաղաքական օրակարգի և ճանապարհային քարտեզի շուրջ խնամակալի հետ ունեցած սուր տարաձայնությունները, մանավանդ, որ այդ օբյեկտիւ կերակրացանկից օգտվելու ծածուկ փորձ է կատարել նաև իր երբեմնի ոխերիմ հակառակորդ Արթուր Բաղդասարյանը:
Դեկտեմբերի 10-ին եռյակի Մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսով հանրահավաքին ՀԱԿ-ը, անշուշտ, կմասնակցի: Իսկ կմասնակցի՞, արդյոք, ԲՀԿ-ն մարտի 1-ի՝ ՀԱԿ-ի ավանդական հանրահավաքին: Մասնակցելու դեպքում էլ, չբացելով փակագծերը և չվերհիշելով ոչ վաղ անցյալի դեպքերը, ինչպիսի՞ն կլինի ՀԱԿ-ի ներկա և նախկին զինակիցների արձագանքը:
Ընդունված է ասել, որ քաղաքականության մեջ անբարոյականությունը որոշակի բաժին ունի, բայց այդքան շատ ու վարակի՞չ:
Էրիկ Միլլերի ֆեյսբուքյան գրառումը