«Երբեք ոչ մի բան չի լրացնում այդ պակասը». Վիկտորիա Սահակյան
LifestyleԿամերային թատրոնի դերասանուհի Վիկտորիա Սահակյանն օրեր առաջ Մատենադարանի տարածքում նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հետ՝ ներկայանալով իր համար փոքր-ինչ անսովոր կերպարում:
«Օրը նշանակում էինք, հետո պարզվում էր՝ այլ գործեր կան: Միլենը շատ բարի է գտնվել. հասկացել եւ սպասել է: Մի քիչ այլ ֆոտոշարք էի պատկերացնում, բայց քանի որ շատ վայրեր փակ են, ընտրելու հնարավորություն չկար, այս տեղն էլ լուսանկարիչն առաջարկեց: Առաջին անգամ էինք համագործակցում, բայց տեսել էի աշխատանքները. միշտ ուզել եմ զգացմունքային լուսանկարներ ունենալ»,-BRAVO.am-ին պատմել է Վիկտորիան եւ նշել, որ ֆոտոշարքերը հնարավորություն են տալիս իրեն այլ կողմից բացահայտել:
Արդյունքից գոհ է.«Շատ-շատ եմ հավանել, արձագանքներն էլ միանշանակ դրական են: Ուրախ եմ ինձ ուրիշ կերպարով տեսնել: Ի դեպ, հագուստը Լուսինե Երնջակյանն է տրամադրել. ինձ միշտ պատկերացրել եմ նման հագուստով, բայց իմ առօրյա զգեստապահարանում չունեմ նման հագուստ»:
Անչափ կարոտում է թատրոնը.«Անկեղծ եմ ասում՝ տխրում եմ, որ չկա ներկայացում, փորձ: Նույնիսկ այն օրերին, երբ ներկայացում չեմ ունեցել, գնացել եմ թատրոն: Կարոտում եմ պատերը, կամերայինցիներին, մեր գրադարանը: Երբեք ոչ մի բան չի լրացնում այդ պակասը: Այս շրջանում ավելի ակտիվ զբաղվում եմ իմ յութուբյան էջով. Սուրեն Սարգսյանի հետ ենք զարգացնում այն, հուսամ՝ մի բան կստացվի»:

