Հեղափոխությունը պետք է իր շարունակությունն ունենա . Ազատ Արշակյան
ПолитикаՔաղաքական հասարակական գործիչ Ազատ Արշակյանը համոզված է, որ ներկայիս սգի, ողբի օրակարգից քայլ առաջ անելու համար հարկավոր է, որ խորհրդարանը օր առաջ սկսի երկիրը ճգնաժամից դուրս գալու քայլեր ձեռնարկել: Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության նախաձեռնության» գաղափարի շուրջ միավորված 17 կուսակցությունների կողմից իրականացվող քայլերին, ապա Արշակյանը դա սովորական հիսթերիա է համարում, որին զարմանալիորեն միացել է նաև Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը: «Կաթողիկոսը սկսել է քաղաքական հայտարարություն անել, ինչը նորություն է: Եթե այդպես է, ապա նա պետք է նաև հայտարարի, որ մեր եկեղեցին այլևս քաղաքական ինստիտուտ է և քաղաքական շահեր է հետապնդում: Բայց եթե այդպես չէ, ապա Գագեգին երկրորդը պետք է այլ բան անի՝ եղբայրության, համերաշխության կոչ պետք է հնչեցնի և քաղաքական բոլոր ուժերին հրավիրի համերաշխության հասնելու համար: Հայոց հոգևոր առաջնորդը իրավունք չունի մեկին ընդունելու, մյուսին՝ ոչ: Ինչ վերաբերում է ԱԺ-ին, ապա իմ կարծիքով՝ Արարատ Միրզոյանը պետք է ներկա իրավիճակը քաղաքականացնելու քայլեր ձեռնարկի և երկիրը դուրս հանի ճգնաժամային իրավիճակից: Ի՞նչ է նշանակում կուսակցությունների մասին օրենքի գաղտնի քննարկումը: Մենք բոլորս այսօր պետք է դա քննարկեինք, ոչ թե այն քննարկվեր փակ դռների հետևում: Ինչպե՞ս կարող է այս փոքրիկ երկրում 100-ի չափ կուսակցություն լինել: Նոր օրենքով պետք է հստակություն մտցվի կուսակիցների թվի և այլ հարցերի մասով, քանի որ գործող օրենքի համաձայն կուսակիցների թիվը հայտարարում է կուսակցությունը և հնարավոր չէ հասկանալ, թե արդյո՞ք այդ թիվը համապատասխանում է իրականությանը»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա. Արշակյանը: Նրա կարծիքով այսօրվա հայկական օրակարգը պետք է լինի Հայաստանի վերակառուցումը, այլ ոչ թե երկրի բզկտումը: Այդ առումով Արշակյանը կարևոր է համարում ո՛չ միայն ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի, այլև՝ Սահմանադրության փոփոխության հարցը օրակարգային դարձնելը, որպեսզի հաջորդ ընտրությունները լինեն էլ ավելի լեգիտիմ: «Ցավալի է, որ հոյտեմբերի 27-ից և մարտի 1-ից դասեր չենք քաղում: Ներկայում հեղափոխությունը կանգ է առել, որը կարող է կործանարար լինի Հայաստանի համար: Եվ այն, ինչի համար հասարակությունը ոտքի է կանգնել 2018-ին, պետք է շարունակվի: Եվ, եթե այս իշխանությունները չեն ցանկանում առաջ շարժվել, ապա պետք է երկրորդ հեղափոխությունն անել, որպեսզի պրոցեսը իր շարունակությունն ունենա»,- ասաց Ա. Արշակյանը:
Արմինե Գրիգորյան