Հասարակությունը սկսել է միֆերից վեր կանգնել. Հայկ Սահակյան
Политика«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի կարծիքով՝ Հայաստանը հետպատերազմական տուրբուլենտային իրավիճակից դուրս բերելու համար պետք է քայլեր ձեռնարկել: Մինչդեռ, այն ինչ այսօր կատարվում է քաղաքական դաշտում թուլ չի տալիս դուրս գալ ցնցումային իրավիճակից:
«Ցանկացած անկայուն իրավիճակ լրացուցիչ սպառնալիք է հանդիսանում երկրի համար: Նման երևույթին դասական առումով անվանում են 5-րդ շարասյուն, որի նպատակը, սովորաբար, երկիրը ներսից ապակայունացնելն է: Եվ հիմա պետք է պատասխանել այն հարցին, թե որքանո՞վ է մեր երկրի համար ձեռնտու նման իրավիճակը: Հանրությունն էլ իր հերթին պետք է սթափ գնահատի իրավիճակը և հետպատերազմական ներկայիս իրավիճակում հետևություններ անի: Մեր շփումները ցույց են տալիս, որ հասարակությունը սկսել է միֆերից վեր կանգնել և ռեալ գնահատել իրավիճակը և կարծում եմ, հետևություններ ևս կանի»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Հ. Սահակյանը:
Քաղաքական գործիչի կարծիքով՝ եթե քաղաքական օրակարգ է լինում, հասարակությունը առանց հաշվի առնելու, թե դրսում ինչ եղանակ է՝ կանգնում է առաջնորդի կողքին: Այնպես որ, ըստ նրա անկախ նրանից դրսում ձյուն է, անձրև է, թե արև գնում է սատարելու, ինչը հիմա, փաստորեն, տեղի չի ունենում:
«Հասարակության այն մասը, որը մինչև օրս չի միացել ընդդիմությանը, կարծում եմ հետագայում ևս չի միանա: Ու թեև քաղաքացին ապստամբելու իրավունք ունի, սակայն, հստակ է, որ ապստամբում է այն ժամանակ, երբ գտնում է, որ դրա իրական պահանջը կա: Եվ այդ ժամանակ արդեն կարևոր չի լինում, թե ով է քաղաքական գործիչը: Այսինքն, եթե նոյեմբերի 9-ից հետո հասարակությունը չդիմեց այդ քայլին, ապա կարող ենք ասել, որ որևէ այլ հարցի դեպքում կտրուկ քայլերի չի գնա, առավել ևս, երբ որևէ գործիչի հանդեպ հանրային համաձայնություն չկա, որի համար հասարակությունը կարող է գնա ապստամբության»,- ասաց Հ. Սահակյանը:
Արմինե Գրիգորյան