Կառաջադրվի՞ արդյոք Բայդենը երկրորդ ժամկետի համար
ПолитикаՋո Բայդենը հանդես է եկել երկրի պատմության բեկումնային ժամանակաշրջանում «անցումային շրջանի» նախագահ դառնալու մտադրությամբ՝ հայտարարելով, որ նա իշխանության ղեկը կվերցնի Դոնալդ Թրամփից եւ երկիրը կվերադարձնի բնականոն հունի: Բայց հիմա Բայդենի շրջապատում ավելի հաճախ են խոսում այն մասին, որ նա մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, գրում է The Hill-ը:
«Չեմ կարծում, թե որեւէ հիմք կա ասելու, որ նա դա չի անի»,- ասել է նախագահի խորհրդականներից մեկը: Բայդենի մեկ այլ դաշնակից հավելել է, թե նա չի ասել իր գործընկերներին, որ այլեւս չի առաջադրվելու:
Բայդենը, ով այս տարի դառնում է 79 տարեկան, երկրի պատմության մեջ ամենատարեց նախագահն է: Եթե նա նորից առաջադրվի 2024-ին, Դա անկասկած քննարկումների տեղիք կտա նրա տարիքի եւ աշխատանքը կատարելու ունակությունների շուրջ:
Հանրապետականներն արդեն կասկածի տակ են դնում Բայդենի կոգնիտիվ ունակությունները՝ հարցեր տալով, թե ով է իրականում գլխավորը Սպիտակ տանը:
Բայդենի դաշնակիցներն ասում են, որ դեռ շուտ է մտածել 2024 թվականի մասին։ «Նա նույնիսկ ամբողջ Սպիտակ տունը դեռ չի կահավորել»,- ասել է նրա խորհրդականը: «Դեռ շատ բան կա անելու մինչ նա կհասնի այն կետին, երբ պետք է վերջնական որոշում կայացնի»:
Դեմոկրատների ռազմավարներն ասում են, որ եթե նույնիսկ Բայդենը որոշի չառաջադրվել, չպետք է հայտարարի այդ մասին:
Այնուամենայնիվ, նրան մոտ կանգնած մարդիկ ազդարարում են, որ Բայդենը պատրաստ է երկրորդ ժամկետի համար: Սենատոր Քրիս Կունսը (Դելավեր նահանգից դեմոկրատ) հունվարին ասել էր, որ Բայդենը «նախատեսում է կրկին առաջադրվել»: «Նա գիտի, որ մենք գտնվում ենք ամերիկյան պատմության բացարձակ շրջադարձային պահի մեջտեղում, եւ նա պատրաստ է ընդունել մարտահրավերը»,- ասել էր Կունսը:
Նոյեմբերին HBO-ի Axios- ին տված հարցազրույցում Վալերի Բայդեն Օուենսը՝ ԱՄՆ նախագահի քույրը, ով եղբորը խորհրտատվություն է տալիս նրա քաղաքական կարիերայի սկզբից, հայտարարել էր, թե իր եղբայրը «անպայման» կառաջադրվի երկրորդ ժամկետի համար: