ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի նոյեմբերի 28-ի հանձնարարությամբ` ծառայության աշխատակիցների կողմից կասեցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին սննդամթերք մատակարարող ընկերությունների մոտ իրականացվում է սննդամթերքի մնացորդային քանակների հաշվառում և կասեցում ՝ մինչ կպարզվի թունավորման բնույթը եղել է սննդային, թե ոչ: Արմինե Սուքիասյանը նշեց, որ սննդից վերցված նմուշառման փորձաքննության պատասխանը կլինի 3 օրից ոչ շուտ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:
Նշենք, որ այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում:
Ավելի վաղ ՍԱՊԾ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 19:17-ի սահմաններում, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ֊ից՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի կապակցությամբ:
Ահազանգից 15 րոպե անց տեղում են եղել Ծառայության աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները, կատարել են անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում՝ աշխատող անձնակազմի առողջական վիճակի, սննդային մատակարարների ցանկի, երեխաներին տրվող ճաշացանկի և տվյալ պահին սննդամթերքի մնացորդի քանակի մասին: Առկա սննդատեսակներից անմիջապես կատարվել է նմուշառում: Գործի են անցել նաև ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԻ աշխատակիցները: Լաբորատորիայի կողմից կատարվել են նմուշների ընդունման անհրաժեշտ միջոցառումներ: Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո: