ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնության տակ ստորագրել է ընդամենը երեք պատգամավոր` ինքը Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Ալիկ Արզումանյանը: Թե ինչո՞վ է պայմանավորված Ալիկ Արզումանյանի նման քայլը, Orer.am-ը ճշտեց պատգամավորից.
-Ես ցանկացած ընդդիմադիր գործողության աջակցում եմ, այնպես որ ինձ համար անհասականալի է, երբ քննարկում են որոշման նախագծի բովանդակությունը, որովհետեւ ձեւաթուղթն այն մասին էր, որ արտահերթ նիստ գումարվեր: Եթե կար որոշման նախագծի հետ խնդիրներ` դա կարելի էր քննարկել նիստի ժամանակ: Այն փաստարկը, որ նախագծի հետ համաձայն չեն, շատ թույլ փաստարկ էր: Տեքստի շուրջ կհամաձայնվեինք, թե ոչ, դա ցույց կտար քննարկումը: Ես ընդամենը քննարկման կողմնակից եմ:
-Ասում են, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը քաղաքական եռյակի դեմ լինելու իր գործընթացը պարզապես ընդգծեց, ի՞նչ կասեք այս մասին:
-Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի նախաձեռնությամբ հանդես գալու: Իրար պիտակավորել պետք չէ, որովհետեւ մարդիկ հրապարակներում հայտարում են, որ ուզում են օր առաջ ազատվել իշխանություններից եւ Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկ է ներկայացրել, որով հնարավորություն տվեց նման գործընթաց սկսել Ազգային ժողովում:
-Սա սադրանք չէ՞ Նիկոլ Փաշինյանի կողմից, որն ուղղված էր եռյակին:
-Իսկ ինչու՞ Նիկոլ Փաշինյանը եռյակին պետք է սադրի: Եթե եռյակն ինքնասադրմամբ չզբաղվի, ամեն ինչ նորմալ կլինի:
-Քանի որ Դուք կողմ եք ցանկացած ընդդիմադիր շարժման, քաղաքական եռյակի վերջին քայլերին ինչպիսի՞ գնահատական կտաք:
-Ինձ շատ քիչ է հետաքրքրում իրենց գործունեությունը, որովհետեւ նրանց այդքան էլ ընդդիմադիր չեմ համարում: Նրանց նպտակները դեռեւս ինձ համար պարզ չեն, երբ դրանք պարզ կլինի՝ կխոսենք:
-Բայց չէ՞ որ քաղաքական եռյակն օրինակ, կարեւոր 12 կետ է դրել Կառավարության առաջ:
-Ես չեմ ընթերցել այդ կետերը, կարծում եմ, որ Հայաստանի առաջ ավելի ճակատագրական մարտահրավերներ են կանգնած` մասնավորապես ԵՏՄ-ին միանալուն հարցերի շուրջ կուզենայի իմանայի ընդդիմադիր կոչվող դաշտի մոտեցումները:
Սոսե Չանդոյան