Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ
ОбществоՍամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը:
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի Պալատի (ՍԱՊ) կողմից նշանակված արտակարգ արբիտրը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության, Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դիմումի հիման վրա, պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) նկատմամաբ «Էներգետիկայի մասին» օրենքի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի այն դրույթների կիրառությունից, որոնք ընդունվել են 2025 թվականի հուլիսին, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած հետագա քայլերից, որոնք ուղղված են ՀԷՑ-ի էքսպրոպրիացիային (սեփականազրկման)։
Կողմերի միջև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հստակ հաստատել է, որ ՍԱՊ-ի 2023 թվականի Արբիտրաժային կանոնակարգի II հավելվածի 9-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ արբիտրի որոշումը պարտադիր է կողմերի համար և ենթակա է անհապաղ կատարման։
Միևնույն ժամանակ արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։
Արբիտրաժային կազմը նաև առանձին ընդգծել է, որ Հայաստանը չի դիմել որոշման չեղարկման կամ փոփոխման խնդրանքով։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է Հայաստանի կողմից որոշման պարտադիր ուժի ճանաչումը։
Չնայած Հայաստանի Հանրապետության կողմից արտակարգ արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին։
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից թույլ տրված բոլոր խախտումները կդիտարկվեն արբիտրաժային քննության ավելի ուշ փուլում՝ հիմնական վեճի քննարկման շրջանակում, և կգնահատվեն որպես Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի խախտումը ծանրացնող հանգամանքներ։