Եվրոպական կեղծիք՝ վասն Փաշինյանի վերընտրության
АналитикаՍտրասբուրգում՝ ԵԽԽՎ վեհաժողովում, ընդունվել է «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանումով բանաձև, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում խիստ վիճահարույց արտահայտություններ կան։ Մասնավորապես նշվում է, որ վեհաժողովը մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։
Բանաձևը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։ Վեհաժողովը բանաձևում անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին և սպասվող ընտրություններին։ Այս համատեքստում ընդգծվել է երկրում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացումը և պիտակավորումը։ Բանաձևում նշվում է, թե 2018-ից ի վեր Հայաստանում կայացած 3 ընտրությունները զերծ են եղել խախտումներից, ուստի վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։
Մեր տեղեկություններով՝ բանաձևն առաջարկել են հենց ՀՀ իշխանությունները, եվրոպական երկրներն էլ աջակցել են այս կեղծիքին՝ փաստացի արդար ու թափանցիկ համարելով նախորդ ընտրությունները, ինչպես նաև քննադատել այս օրերին հետապնդման ենթարկվող հոգևորականներին։ Ահա հենց սա է եվրոպական երկակի ստանդարտը, երբ հանուն կոնյունկտուրայի և քաղաքական նպատակահարմարության ԵԽԽՎ-ն պարզապես թքում է օրենքի ու արդարության վրա, որպեսզի կարողանա Հայաստանում օգնել Փաշինյանի իշխանությանը։
Նման աջակցության դիմաց, ի դեպ, ավտորիտար իշխանությունները խոշոր գին են վճարում։ Թե ինչով կվճարի Փաշինյանը, պարզ կլինի առաջիկայում։
Աննա Մարգարյան