ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է.
vesti.ru–ն գրում է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել, քան Ռուսաստանը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը աջակցել էր արևմտամետ կուսակցությունների օրենսդրական նախաձեռնությանը՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին: Ավելի ուշ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել էր այս գործընթացը նախաձեռնող օրենքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այդ կապակցությամբ հայտարարել էր. «Ռուսաստանն այդ գործողությունները համարում է Հայաստանի առաջին քայլը ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ, քանի որ ԵՄ անդամակցությունը և ԵԱՏՄ-ին մասնակցությունը անհամատեղելի են»։
«Երբ ես լսում եմ ձայներ Հայաստանից, որոնք ասում են, որ պատրաստ են ամեն ինչ թողնել և շտապել Եվրոպա, ես միշտ ասում եմ իմ հայ ընկերներին՝ նայեք, թե ով է ավելի շահել Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելուց։ Ռուսաստանը շատ ավելի քիչ օգուտ է ստացել, բայց, օրինակ՝ Հայաստանի համար բացվել է հսկայական ռուսական շուկան՝ իրենց արտադրանքի, իրենց ծառայությունների համար։ Դուք ուզո՞ւմ եք այդ ամենը փակել։ Եթե այո, ապա ասեք ձեր քաղաքացիներին, որ փակում եք այն։ Եվ հետո գնացեք բանակցեք Եվրամիության հետ այդ մասին, բայց արդյո՞ք նրանք կարիք ունեն ձեր մրգերի և բանջարեղենի։ Նրանք դրա համար ուղղակի պատասխան չունեն», - ասել է Կալաշնիկովը։
Ավելի վաղ Մոսկվա կատարած այցի ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում