Ո՞ւմ կտրամադրվի անվճար իրավաբանական օգնություն. նախագիծ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում իրավաբանական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։
2024 թվականի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր կառավարության որոշումների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմը, վերաբերում է կառավարության՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում իրավաբանական օգնության տրամադրման կարգը հաստատելուն: Նման կարգ Հայաստանում հաստատված չի եղել, սակայն նման օգնություն փաստացի տրամադրվել է կյանքի դժվարին իրավիճակում գնտվող անձանց կամ նրանց ընտանիքներին կա՛մ տարբեր ծրագրերի շրջանակներում, կա՛մ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից:
Կյանքի դժվարին իրավիճակն անձի կամ ընտանիքի բնականոն կենսագործունեությունը խոչընդոտող օբյեկտիվ իրավիճակ է, որն անձը կամ ընտանիքն ինքնուրույն հաղթահարել չի կարող կամ հաղթահարում է մասնակի, և որը կարող է պայմանավորված լինել հաշմանդամության, տարիքի, ֆիզիկական կամ հոգեկան առողջության, ինքնասպասարկման ունակությունների կորստով, տեղաշարժվելու կարողության կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության հետ կապված խնդիրներով։ Մյուս դեպքում՝ փաստացի առանց ծնողական խնամքի, պարտադիր կրթությունից դուրս մնալու հանգամանքներով, կերակրողին կորցնելու հանգամանքով, անօթևանության կամ որոշակի բնակության վայր չունենալու պատճառով։ Մեկ այլ դեպքում՝ աղքատությամբ, անապահովությամբ, գործազրկությամբ, ընտանեկան և կենցաղային բռնության կամ հանցագործությունից տուժելու հանգամանքով։ Կարող է պայմանավորված լինել անձի կամ ընտանիքի հարկադիր վերադարձով, տեղահանմամբ, ապաստան հայցելով կամ նրան փախստական ճանաչելով, պրոբացիայի շահառու հանդիսանալու կամ ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու փաստով, ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով ընտանիքի անդամի անհետ կորելու, գերեվարված լինելու կամ զոհվելու հանգամանքով: Պատճառները կարող են տարբեր լինել։
Նշված իրավիճակների մի մասը նույնանում են «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում նշված իրավիճակների հետ: Հետևաբար, այդ անձինք ստանալու են անվճար իրավաբանական օգնություն, որը տրամադրելու է Հանրային պաշտպանի գրասենյակը: Նախագծով հաստատվող իրավաբանական օգնությունը ներառելու է խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի վարչական կամ դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյա՝ իրավաբանական տեղեկատվության տրամադրում, և այլ աջակցությունը՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանց ձեռքբերման համար, այդ թվում՝ դատական կարգով, ներառյալ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում անհրաժեշտ աջակցությունը:
Նշված երկու օգնությունները տրամադրելու են սոցիալական ծառայություն տրամադրող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ իրենց շահառուներին, ովքեր կարող են դիմել իրավաբանական օգնություն ստանալու համար: Քրեական վարույթներով, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց տրամադրելու են փաստաբանները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում