Արվարձան, սայլ, թե կուզիկ. ի՞նչ կապ ունեն այս բառերը հանրահայտ «ազնվական» փողոցի հետ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ամենահայտնի և ամենահին փողոցներից մեկը Արբատն է՝ ռուսական մշակույթի, գրականության և քաղաքային կյանքի խորհրդանիշը։ Այն հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում:
«Արբատ» բառի ծագման վերաբերյալ վերջնական պատասխան ներկայումս էլ չկա. պատմաբանները առաջ են քաշում այդ բառի առաջացման մի քանի տեսություն:
Ամենահավանական տեսություն է համարվում «Արբատ» բառի ծագման արաբական տարբերակը, որը նաև ամենատարածվածն է: Համարվում է, որ այդ անունը կապված է արաբական rabad/arbad բառի հետ, որը նշանակում է «արվարձան, քաղաքի ծայրամաս»։
Բանն այն է, որ միջնադարում Արբատն իսկապես գտնվում էր Մոսկվայի ծայրամասում՝ Կրեմլի սահմաններից դուրս, և այդ բառը կարող էր տարածվել արևել յան վաճառականների կամ թաթարների միջոցով։
Փողոցի անվան ծագման թյուրքական տարբերակով այն առաջացել է թուրքական arba՝ «սայլ» բառից։ Այս տեսության համաձայն, տարածքը առևտրային ճանապարհ էր, որն օգտագործվում էր առևտրային սայլերի կողմից։
«Արբատ» բառի ծագման ռուսական տարբերակով, որին կողմ են որոշ պատմաբաններ, այն ծագել է հին ռուսերեն «горбатый»՝ կուզիկ բառից այն իմաստով, որ տեղանքը եղել է ոչ հարթ։ Այնուամենայնիվ, այդ վարկածը համարվում է պակաս հավանական։ Ներկայում հետազոտողների մեծ մասը նախընտրում է բառի արևել յան (արաբա-թյուրքական) ծագումը։
Առաջին անգամ Արբատը փաստաթղթերում հիշատակվել է դեռևս 15-րդ դարում՝ 1493 թվականին, երբ այդ փողոցում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Այն ժամանակ Արբատը Մոսկվայի ծայրամասում էր և կարևոր առևտրային ուղի էր։ 16-17-րդ դարերում այնտեղ տեղակայված են եղել հրաձգային զորքեր և արհեստանոցներ։ Այնուհետև այդ փողոցը դարձել է արհեստագործական և առևտրային եռուն տարածք։ 18-19-րդ դարերում էլ այն դարձել է «ազնվական Արբատ»: Բանն այն է, որ հրդեհներից և վերակառուցումներից հետո Արբատը վերածվել է Մոսկվայի հեղինակավոր շրջանի։ Այնտեղ ապրել են ազնվականության ներկայացուցիչներ և նշանավոր ընտանիքներ (Գոլիցիններ, Տոլստոյներ, Գագարիններ և այլն): Իսկ 1812 թվականի հրդեհից հետո փողոցը քարե կառույցներով է վերակառուցվել և դարձել մայրաքաղաքի մշակութային կենտրոնը: 20-րդ դարում Արբատը դարձել է մտավորականության, նկարիչների, գրողների և երաժիշտների խորհրդանիշ: 1980-ականներին այն վերածվել է հետիոտնային փողոցի, այսինքն՝ զբոսաշրջության և փողոցային մշակույթի կենտրոնի:
Այսպիսով, Արբատը Մոսկվայի ամենահին փողոցներից մեկն է (ավելի քան 500 տարեկան): Ընդ որում, այն նախկինում ոչ միայն փողոցի, այլ նաև քաղաքի մի ամբողջ թաղամասի անունն էր։ Արբատը հաճախ են անվանում «բանաստեղծների և նկարիչների փողոց», հին Մոսկվայի խորհրդանիշ, ստեղծագործության և ազատ մթնոլորտի վայր: Այն գովերգվել է Բուլատ Օկուջավայի, Անդրեյ Վոզնեսենսկու և այլ բանաստեղծների ու երաժիշտների կողմից: Այսօր «Արբատ» բառը երբեմն օգտագործվում է որպես հետխորհրդային քաղաքների ցանկացած հետիոտնային– զբոսաշրջային փողոցի անվանում։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում