Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ Զելենսկի
ПолитикаՈւկրաինային Եվրոպական միության ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է, քանի որ այն Կիևին կթողնի առանց ձայնի իրավունքի բլոկի ներսում։ Այս մասին ասել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է Reuters-ը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել էր թույլ տալ Ուկրաինային մասնակցել ԵՄ նիստերին՝ առանց քվեարկության իրավունքի՝ որպես միությանը լիիրավ անդամակցության միջանկյալ քայլ, ինչը, նրա խոսքով, կարող է օգնել հեշտացնել ռուսական ներխուժմամբ բռնկված չորսամյա պատերազմի դադարեցման շուրջ գործարքը։
Ի պատասխան դրան՝ Զելենսկին ուրբաթ ուշ երեկոյան ուղարկված իր նամակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, նշել է, որ անցած ամիս կայացած ընտրություններից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինայի ԵՄ անդամակցության մոլի հակառակորդի հեռացումը հնարավորություն է ստեղծել էական առաջընթաց գրանցելու անդամակցության շուրջ բանակցություններում։
«Անարդար կլինի, որ Ուկրաինան ներկա լինի Եվրոպական միությունում, բայց մնա անձայն։ Ճիշտ ժամանակն է Ուկրաինայի անդամակցությունը լիարժեք և իմաստալից կերպով առաջ տանելու համար»,- իր ուղերձում ասել է Զելենսկին։
Նամակը հասցեագրված էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին, ով նախագահում է ԵՄ Խորհուրդը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար և հայտարարել, որ Ուկրաինան հանդես է գալիս որպես պատվար ռուսական ագրեսիայի դեմ՝ 27 պետություններից բաղկացած ողջ բլոկի համար։
«Մենք պաշտպանում ենք Եվրոպան՝ լիովին, ոչ թե մասնակիորեն, և ոչ թե կես քայլերով։ Ուկրաինան արժանի է արդար մոտեցման և հավասար իրավունքների Եվրոպայի ներսում»,- եզրափակել է Զելենսկին։