«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ
Блог«Համահայկական ճակատ» Շարժման տելեգրամյան ալիքը գրում է.
Սիրելի՛ երեխաներ,
Թանկագի՛ն ծնողներ
«Համահայկական ճակատ» շարժման և անձամբ իմ անունից անսահման սիրով և ջերմագին շնորհավորում եմ բոլոր երեխաներին իրենց տոնի առթիվ և մաղթում խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն:
Երեխաները մեր հարստությունն են, մեր ուրախությունն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխվում է մեր կյանքը, ստանում նոր իմաստ ու խորհուրդ: Եվ այդ պահից էլ մենք պատասխանատու ենք նրանց առողջության, կրթության ու դաստիարակության համար:
Սիրելի՛ երեխաներ․
Միշտ սիրե՛ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե՛ք, սովորե՛ք, դարձե՛ք խելացի եւ ուժեղ, ինչպես Ձեր սիրած հեքիաթների հերոսները: Թո՛ղ Ձեր կյանքը լեցուն լինի սիրով ու քնքշանքով, իսկ Ձեր պայծառ դեմքերին միշտ շողան ժպիտն ու խինդը:
Թանկագի՛ն ծնողներ․
Շնորհավորում եմ բոլորիս օրվա առթիվ եւ մաղթում, որ լավագույնս կատարեք Ձեր պարտքը մանուկների նկատմամբ, քանի որ մեծահասակների կյանքի իմաստը և գործի շարունակողը երեխաներն են՝ հավերժ սերնդափոխության, գենի շարունակման ու ավանդույթների պահպանման երաշխավորը: Եվ մեծահասակներիս պարտքն է ստեղծել այնպիսի երկիր ու միջավայր, որտեղ մեր մանուկները կապրեն անվտանգ, խաղաղ ու ապահով, անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի մեր երեխաների շուրթերին լինեն միայն ծիծաղ ու ժպիտ, երգ ու խնդություն, նրանց կյանքը լցված լինի ամենավառ գույներով ու երանգներով։
Իմ փոքրի՛կ բարեկամներ, Հայաստանի փոքրի՛կ քաղաքացիներ․
կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն, խաղաղություն, երջանիկ մանկություն և Ձեր բոլոր երազանքների իրականացում։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ
գեներալ-մայոր Արշակ Կարապետյան