Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս ադրբեջանական AzerGold ընկերությունը ներկայացրել է Սոթքի ոսկու հանքավայրի՝ 2020 թվականի պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում իրականացված աշխատանքների արդյունքները, ըստ որոնց, հանքավայրի մնացորդային կորզվող պաշարները գնահատվել են 1,03 միլիոն ունցիա ոսկի: Խոսքը մոտ 4 մլրդ դոլարից ավելի արժողությամբ պաշարի մասին է: Ավելին, ընկերությունում հայտարարել են, որ շարունակում են հետախուզումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տեղամասերում՝ ռեսուրսային բազան մեծացնելու նպատակով։
Տարիներ շարունակ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ (իբր տարածաշրջանին հասցվող բնապահպանական «վնասների» նարատիվներով) միջազգային հարթակներում պատերազմ մղած երկրում հայտարարել են, թե «հանքավայրի շահագործումը կնպաստի Ադրբեջանի լեռնահանքային արդյունաբերության զարգացմանը և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի սոցիալտնտեսական զարգացման վրա»։
Ի դեպ, սա այն հանքավայրն է, որի դեմ դեռ 14-15 տարի առաջ պայքարում էին նաև հայաստանյան բնապահպանները: Եվ ոչ միայն այս հանքավայրի. տարիներ շարունակ մեր բնապահպանները հետևողականորեն պայքարել են հանքավայրերի դեմ: Հիմա փաստորեն Հայաստանը կորցրել է մոտ 4 մլրդ դոլարի պաշար, որն օգտագործում է Ադրբեջանը: Այսուամենայնիվ, որոշակի շրջանակներ շարունակում են ինտենսիվ պայքարը հայաստանյան հանքարդյունաբերության դեմ՝ անտեսելով այն հանգամանքը, որ այդ ոլորտը լուրջ ներարկումներ է ապահովում Հայաստանի տնտեսության մեջ, էական ազդեցություն ունի պետբյուջեի ձևավորման գործում: Ավելին, Հայաստան են բերում կասկածելի ծագմամբ արտասահմանյան կազմակերպության, որի տվյալները հասանելի են դառնում Ադրբեջանին:
Մենք քանիցս անդրադարձել ենք այս խնդրին, նշել, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն մշտական ուշադրության ներքո, սակայն լուծումներ փնտրելու և գտնելու, այլ ոչ թե վնասելու միջոցով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում