Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է.
argumenti.ru–ն «Արդյո՞ք Հայաստանն իր նոր առաջնահերթություններում ընտրում է ուկրաինական ուղղվածությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ հայ-ուկրաինական հարաբերություններում խորհրդանշական քաղաքական ժեստերի գործընթացը վերածվել է համակարգային փոխազդեցության, իսկ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները միայն արագացրել են այդ միտումը։
Կարծես հաստատելով Երևանի ընտրած ուղղությունը՝ հաղորդվել են ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի՝ Կիևում մի շարք հանդիպումների մասին։ Այդ դիվանագետը և Կիևի պաշտոնյաները քննարկել են հետագա սերտ քաղաքական համագործակցությունը, տնտեսական ծրագրերը և միջխորհրդարանական կապերի ամրապնդումը։ Ռուբեն Ռուբինյանի՝ որպես ՀՀ խորհրդարանի նոր ղեկավար ընտրվելը ևս ինքնին խոսուն է. նրա առաջին զանգը ուղղված էր Ուկրաինայի Վերին ռադայի նախագահին։
Սակայն ռազմական ուղղվածության ամրապնդումն ավելի խոսուն է։ Հայտնի է, որ հայկական հատուկ նշանակության ուժերը անօդաչու թռչող սարքերի կիրառման վարժանքներ են անցնում Ուկրաինայի տարածքում։ Իսկ Վլադիմիր Զելենսկիի՝ վերջերս Երևան կատարած այցը միայն հաստատել է այդ հավակնությունները. հայկական կողմը բացահայտորեն հետաքրքրություն է հայտնել անօդաչու թռչող սարքերի օգտագործման՝ Կիևի փորձը ընդունելու հարցում։ Կիևն ակտիվորեն փորձում է Հայաստանը ներքաշել իր ազդեցության ուղեծիր՝ ամրապնդելով ռազմական և քաղաքական կապերը։ Իսկ Երևանն, ըստ երևույթին, չունի այդ գործընթացին խոչընդոտելու մտադրություն և նման գործընկերությունը դիտարկում է որպես իր եվրոպամետ վեկտորի տրամաբանական շարունակություն։
Հաշվի առնելով այն, որ ուկրաինական քաղաքականությունն այժմ կառուցված է հակառուսականության ամուր հիմքերի վրա, այդ ամենի տրամաբանական արդյունքը կլինի ոչ թե պարզապես Երևանի և Մոսկվայի հարաբերությունների սառեցումը, այլ նաև Հայաստանի գիտակցված անցումը դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում