Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին, կլինի նոր տոնական կատակերգական ֆիլմի պրեմիերա, որի խորագիրն է «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»: Այս մասին հայտնում էОrer.am-ը։
Տոնական ֆիլմի իրադարձությունների կենտրոնում Երևանում բնակվող Արամյանների ընտանիքն է: Ընտանիքը ներկայացված է բոլոր սերունդներով` սկսած Շահանե տատիկից, որը Խորհրդային Միության տարիներին եղել է շրջկոմի քարտուղարի տիկինը, վերջացրած թոռնիկներով, ովքեր ինտերնետի եւ ժամանակակից տեխնոլոգիաների մոլի երկրպագուներ են:
Մոտենում է Ամանորի գիշերը, բայց փոքրիկ պրոբլեմները, որոնք ունեին ընտանիքի բոլոր անդամաները, կարծես չեն լուծվում, ընտանիքի անդամները շարունակում են ապրել իրենց առօրյայով: Սակայն ի՞նչ Նոր տարի, երբ լուծված չեն բոլոր հարցերը. դրանք կլուծվեն Ամանորի սեղանի շուրջ:
Ֆիլմում նկարահանվել են Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Լալա Մնացականյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Թամարա Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը, Էմմա Նահապետյանը, Անուշիկ Գևորգյանը, Լևոն Հարությունյանը, Նարեկ Դուրյանը, Միկա Բաղդասարյանը, Նաիրա Մովսիսյանը և այլք:
Ֆիլմի ռեժիսորը Արկա Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսեր` Ռուդիկ Տեր-Գալստյան:
Առաջին ալիքը Ձեզ մաղթում է հաճելի դիտում: