2014 թվականի Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել 75 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Հովիկյանը:
Արմանը բռնցքամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանում, իսկ մինչ այդ. «Մինչ բռնցքամարտով զբաղվելը, փորձել եմ ուժերս ձյուդո, սամբո, ազատ և դասական ըմբշամարտ մարզաձևերում»,- Sport Times.am-ի հետ զրույցում ասաց տարվա լավագույն բռցքամարտիկը և ընդգծեց ընտրության կարևորությունը. «Բռնցքամարտը ավելի հոգեհարազատ էր ինձ: Ըստ իս, տղամարդկային սպորտաձև է` բոլոր առումներով»:
Արմանն ավարտել է Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանը, իսկ 21 տարեկանում զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, բայց ոչ մարզական վաշտ. «Այդ տարի Հայաստանի առաջնությունում զբաղեցրել եմ 3-րդ հորիզոնականը, ապա կատարել եմ պարտքս հայենիքիս առաջ. ծառայել եմ Արցախում, ավելի կոնկրետ` Մարտակերտի շրջանում` հրաձգային վաշտում»,-պատմում է Արմանն, ով բռցքամարտիկ կուռքեր չունի:
Բանակում Արման Հովիկյանը չի մարզվել` մտածելով, թե մեծ սպորտ չի վերադառնալու. «Ամբողջ 2 տարի չեմ մարզվել: Ծառայելու ժամանակահատվածում չէի մտածում, թե կվերադառնամ մեծ սպորտ, բայց կյանքն այնպես դասավորվեց, որ ես վերադարձա բռնցքամարտ»:
Իսկ այժմ 26 տարեկան մարզիկը առաջնային նպատակներ ունի. «Աշխատելու եմ առաջին հերթին Ռիո 2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, իսկ պրոֆեսիոնալ ռինգ «մտնելու» մասին ոչինչ չեմ կարող ասել, դեռևս այդպիսի մտադրություն չունեմ, թե ինչ կլինի՝ ցույց կտա ժամանակը»:
Արմանի համար բռնցքամարտը մեկն է` առանց տարանջատումների. «Բռնցքամարտը մեկն է ինձ համար: Ճիշտ է` սիրողական բռնցքամարտում պետք է 9 րոպենի ընթացքում հասցնես ամեն ինչ, իսկ պրոֆեսիոնալում դրա համար քեզ տրվում է 30 րոպե, և դրանից որոշակի բաներ են փոխվում, սակայն ոչ բուն սպորտաձևը»:
Այժմ Արմանը մարզվում է հարազատ Ախուրյանում և Գյումրիում, սակայն պայմաններն այնքան էլ լավ չեն. «Պայմանները, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն: 1988-ի երկրաշարժից ավերված դահլիճը մեկ անգամ վերանորոգվել է 1999-ին: Դժվար է մարզվել այդպիսի մարզադահլիճում: Իրականում դա հավելյալ մոտիվացիա չի կարող լինել: Եթե այդպես լիներ, կարելի էր բոլոր լավ կահավորված դահլիճները վատ վիճակի հասցնել, և թող մարզիկներն այդպես պատրաստվեին»,-ասում է Արմանը:
Վերջաբանի փոխարեն` Արման Հովիկյանը համոզված է. «Կապ չունի՝ երբ ես սկսել զբաղվել բռնցքամարտով, կապ ունի՝ երբ կավարտես»: