«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի պրոտեժե Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, այս օրերին ցայտնոտի մեջ է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինի ֆերմաների խոզերը, որոնց ամենայն խնամքով տոնական օրերին վաճառելու համար բուծում էր նա, սկսել են անկել: Մեր տեղեկություններով՝ եռանդուն ֆերմերը գտել է դրությունից դուրս գալու ելքը: Ալրաղացի Լյովիկը սատկած խոզերի միսը փորձում է մատակարարել մսի առևտրով զբաղվող կետերին ու դա, կարծես թե, նրան հաջողվում է»,- գրում է թերթը։
Փաստորեն, Նոր տարվա շեմին, երբ մսի պահանջարկը քառապատկվում է, որոշ «բարեխիղճ» գործարարներ օգտվելով պահից փորձում են քառապատկել սեփական եկամուտները և առանց խղճի խայթի, առանց հետևանքների մեջ խորամուխ լինելու իրացնել իրենց սատկած անասունները: Կարծում ենք, որ սննդի անվտանգությամբ զբաղվող պատկան մարմինները պետք է այս օրերին ավելի զգոն լինեն և բոլոր շուկաներում մսի զննում անցկացնեն:
Զննումը, անշուշտ, պետք է անցկացնեն, սակայն այդ ոլորտի պատասխանատուները այնքան տկար են ու իրենց գործից կիլոմետրերով հեռու, որ անգամ մարդկանց նորմալ տեղեկատվություն տրամադրելու ունակ չեն: Այսօր բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում Orer.am-ի լրագրողը, զանգահարել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով պարզաբանել սատկած անասունների մսի վաճառքի մասին լուրերը, իսկ այդ ծառայության խելոքները ոչ ավել, ոչ պակաս՝ պահանջել են հարցերը ներկայացնել գրավոր: Պատկերացնու՞մ եք, այդ քաջազուն իշխանիկները մի քանի օրվա ընթացքում պետք է պարզաբանեն մի հարց, որը հաշված րոպեների ընթացքում կարող է մարդկանց կյանքեր արժենալ...
Հայաստանյան փնթի կառավարման մոդելը թույլ է տալիս ամեն մի ՛՛Ճ՛՛ կլասի պաշտոնյայի՝ մամուլի խոսնակ ու տեղեկատվության մի ամբողջ վարչություն պահել, իսկ սրանք էլ չեն բարեհաճում մատը մատին տալ՝ բնակչության համար կենսական հարցերը պարզաբանելու համար: Վարչապետն ու գյուղատնտեսության նախարարը ուղղակի պարտավոր են շատ արագ արձագանքել նմանատիպ լուրերին, իսկ ապիկար ու ձրիակեր չինովնիկներին ուղղակի դուրս շպրտել պետական համակարգից...
Գյուղնախարարը պետք է շտապ հանդես գա պարզաբանմամբ, թե ինչպիսին է իրավիճակը այս պահին սննդի շուկայում, և ինչու իր ենթակայության ծառայությունները, որոնք պետք է զբաղվեն սննդի անվտանգությամբ, գործ անելու փոխարեն աթոռ են մաշում...
Այսպիսի սկանդալային հայտարարությունները պետք է քննվեն ըստ արժանվույն, մինչդեռ միջին կարգի պաշտոնյան, որը իրեն թույլ է տալիս խոսնակ պահել, պահանջում է հարցերը ուղղել գրավոր: Մի քիչ չափից ավել չե՞ք ձեզ գերագնահատում: Թե՞ մի քանի հրապարակում է եղել ձեր մասին՝ արդեն ձեզ աստղ եք զգում...
Պարոնայք, բուժեք ձեր ենթակաների աստղայինը: Ու մի թաքնվեք այս կարևոր պահին, երբ սննդային շուկայում խուճապ է...
Սերգո Կարապետյան, աուուուուուու....
Վարուժան Բաբաջանյան