Ուզում եմ հետադարձ հայացք նետել վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների շարքին և հատկապես` դրանց հետ կապված հասարակության մի հատվածի արձագանքներին: Ինչու՞ մի հատվածի, որովհետև արձագանքները հիմնականում հասանելի են լինում Facebook սոցիալական ցանցի միջոցով, իսկ այդ ցանցում ընդգրկված է հասարակության ընդամենը մի փոքր մասը:
Բռնությունները, բնականաբար, դատապարտելի են, այդ մասին նույնիսկ ասելն է ավելորդ՝ անկախ նրանից, թե ում կողմից և ում նկատմամաբ է բռնություն կիրառվել: Ոչ պակաս դատապարտելի եմ համարում նաև քաղաքական և հասարակական պայքարում հայհոյանքի կիրառումը՝ անկախ նրանից, թե ով ում է հայհոյում: Այստեղ առավել հետաքրքիր են արձագանքները. առաջին բռնությունը մի խումբ մարդիկ կապեցին իշխանությունների հետ, և այդ կարծիքը որոշակի տարածում գտավ: Բնականաբար, իշխանություններն էլ միանգամից իմացան, որ սլաքներն իրենց դեմ են ուղղված: Եվ ահա անմիջապես հաջորդեց երկրորդ բռնությունը, ինչը նույնպես կապվեց իշխանությունների հետ, որից հետո՝ երրորդը, չորրորդը ու բոլորը գրեթե 1-2 օրվա տարբերությամբ, և բոլոր բռնություններում մեղադրվեցին իշխանությունները: Համաձայնվեք, որ սա արդեն առնվազն ծիծաղելի է և չափից դուրս պրիմիտիվ: Եթե նույնիսկ պատկերացնենք, որ ի սկզբանե սա իշխանությունների ձեռքի գործն էր (չնայած ես դա առնվազն անտրամաբանական եմ համարում), ապա առաջին իսկ արձագանքներից հետո ոչ մի իշխանություն չէր կազմակերպի երկրորդը, երրորդը, չորրորդը՝ կարծես թե միտումնավոր իր «գլխին սարքելով»: Եվ ընդամենը պետք է մի փոքր աշխատեցնել տրամաբանությունը, որպեսզի հասկանալ, որ այս ընթացքում ընդամենը ընթանում էր իշխանությունների միտումնավոր վարկաբեկում՝ ծեծեր կազմակերպելու և սլաքներն իշխանության դեմ ուղղելու միջոցով: Թե ով կարող էր դա կազմակերպել՝ ինչ-որ երրորդ ո՞ւժ, որի նպատակն էր ապակայունացնել և սրել իրավիճակը, այդ մասին արդեն գրվել է, նույնիսկ ողջամիտ վարկածներ են եղել տարբեր մարդկանց կողմից: Այստեղ առավել զավեշտալին, բայց նաև մտահոգիչը, ընդդիմամոլություն կոչվող երևույթի ծայրահեղ դրսևորումներն են: Այս պարագայում, կարծես թե, երկրորդական պլան են մղվում վերլուծելու, տրամաբանելու ունակությունները, դրանց փոխարեն առաջնային պլան են գալիս ատելությունը, թշնամանքը, դժգոհությունը և ամեն գնով ընդդիմանալու անհագուրդ ցանկությունն ու այն գաղափարախոսությունը, որ ամեն ինչում մեղավոր են միայն «հանցավոր իշխանությունները»:
Ես կարծում եմ, որ եթե այս ոգով շարունակվի, ապա մոտ ապագայում իշխանություններին կսկսեն մեղադրել նաև հարևանուհիների միջև տեղի ունեցող վեճերի, բակային ծեծկռտուքների, ճանապարհատրանսպորտային պատահարների և ինչու չէ՝ նաև օդի ջերմաստիճանի կտրուկ անկումների և բնական այլ երևույթների համար: Ինչ լավ է, որ կան այդ «հանցավոր իշխանությունները», քանի որ, եթե չլինեին՝ ենթադրում եմ, որ ոմանց կյանքը շատ տխուր կլիներ: Իսկ ընդհանրապես՝ տրամաբանությունը լավ բան է, արժե մեկ-մեկ աշխատեցնել:
Կարեն Վարդանյան