Հայաստանն այսօրվանից միանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2014-ի հոկտեմբերի 10-ին: Այս մասին հայտնում է Оrer.am-ը՝ վկայակոչելով ТАСС-ին:
Հայաստանը հունվարի 2-ից դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ, սակայն ԵՏՄ-ի գործադիր մարմիններում կներկայանա փոքր կազմով` մինչ նրանց լիազորությունների ավարտը:
Մինչեւ 2015թ. վերջը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանը ներկայացված կլինի երեք անդամով՝ մեկ ձայնով:
ԵՏՄ-ի տարածք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բաշխման գործընթացում Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1.13%, Բելառուսի բաժինը կկրճատվի` 4.7%-ից մինչև 4.65%, Ղազախստանինը` 7,3%-ից մինչև 7,25%, Ռուսաստանինը` 88%-ից մինչև 86,97%:
ԵՏՄ անդամակցության կապակցությամբ Հայաստանը կսկսի բանակցությունները ԱՀԿ-ի հետ՝ կազմակերպության շրջանակում իր պարտավորությունների փոփոխման վերաբերյալ: