2015-ը կարծես թե խոստանում է ուրախ տարի լինել, քանի որ տարին արդեն սկսվում է զավեշտալի և ցինիկ հայտարարություններով և իրադարձություններով:
Սկսեմ առաջինից. տարվա առաջին իսկ օրը ձայն լսվեց «քաղաքական անդրշիրիմյան աշխարհից»։ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց հետևյալ բառերը պարունակող շնորհավորական ուղերձը.
«Կուզեի իրականացված տեսնել ձեր ակնկալիքներն ու պատկերացումները ընտանեկան երջանկության, գթասրտության, բարոյականության և ձեր երեխաների ապագայի մասին: Կցանկանայի, որ դուք ազատվեիք բանակում ծառայող կամ արտագնա աշխատանքի մեկնած ձեր զավակների, եղբայրների կամ ամուսինների վիճակով մտահոգվելու ծանր բեռից: Կկամենայի նաև, որ ձեզանից շատերի աշխարհացրիվ ընտանիքները միավորվեին հայրենյաց ջերմ օջախներում»:
Բնականաբար, այսպիսի ցինիկ շնորհավորանքը պետք է ենթադրի նաև համարժեք արձագանք: Հիմա նախ մի փոքր հուշում անեմ, որ սա 2008 թվականի շնորհավորանքն էր, որը պարզապես կրկին հրապարակվել է իր էջում: Այսինքն՝ «ժողովրդի ցավով տառապող ազգափրկիչը» պարզապես զլացել է իր «սիրելի ժողովրդի» համար նոր շնորհավորական տեքստ գրել կամ ձայնագրել: Չնայած՝ սա դեռ կարող եմ ինչ-որ կերպ հասկանալ, քանի որ 69 տարեկանում աշխատելն արդեն դժվար է և հոգնեցուցիչ:
Ինչ վերաբերում է անմեղսունակ ոճով կառուցված տեքստին, ապա հիշեցնեմ նախկին քաղաքական գործչին, որ ժամանակին հենց իր և իր վարչակազմի ջանքերով է դրվել այն երևույթի սկիզբը, որի արդյունքում մենք այսօր ունենք աշխարհացրիվ ընտանիքներ: Նաև իր և իր վարչակազմի ջանքերով է, որ շատերը աստիճանաբար կորցրեցին իրենց երեխաների ապագայի մասին ակնկալիքները և սկսեցին փնտրել դրանք օտար երկրներում, շատերն էլ ունեցան արտագնա աշխատանքի մեկնած զավակներ, եղբայրներ, ամուսիններ:
Մի բան, այնուամենայնիվ, ինձ ուրախացնում է: Դա այն է, որ այսօր արդեն այս «կուտը» ուտողներն անհամեմատ ավելի քիչ են, քան 2008-ին էր: Այսինքն՝ մարդիկ կամաց-կամաց արթնանում են թմբիրից և լարում իրենց հիշողությունը՝ սկսելով հումորով մոտենալ նման բաներին: Այս տեսանկյունից երևի ԼՏՊ-ն էլ տարին սկսեց հումորով՝ միաժամանակ կարծես թե շեշտելով իր՝ քաղաքականությունն արդեն լքելու հրամայականը:
Կարեն Վարդանյան