Իրականում, մարդիկ այս կամ այն իրադարձությանը արձագանքում են ոչ թե արտաքին աշխարհից եկող հաղորդումների ի մի բերման արդյունքում, այլ՝ իրենց կյանքի ընթացքում ձևավորված դիրքորոշումների, նախատրամադրվածություններ հիման վրա: Մասնավորապես, վերջին շրջանում տեղեկատվական տարածությունը ողողած Գյումրու ոճրագործության մասին հաղորդումներին մարդիկ արձագանքում են կանխատեսելիորեն:
Այսինքն` անկախ իրականում տեղի ունեցածից` նրանք, ովքեր ունեն հակառուսական տրամադրություններ, ոճրին վերաբերվում են որպես իրենց հակառուսականության իսկական «արդարացման», այն ներկայացնում են որպես ռուսական կայսերապաշտական քաղաքականության հետևանք, ու որպես ռուսական` իրենց իսկ բառերով «զավթողական» քաղաքականության արժանի հակահարված առաջարկում են` մինչև իսկ ռուսական զորքերի դուրսբերում Հայաստանի տարածքից: Իսկ նրանք, ովքեր ունեն ռուսամետ տրամադրություններ, խնդրին վերաբերվում են որպես պատահականության, չարաբաստիկ դիպվածի, որն անպատեհ կերպով ևս մեկ անգամ սեպ է խրում հայ-ռուսական` դարեր տևող «բարեկամական» հարաբերություններին: Կան նաև երրորդ խմբի կարծիք արտահայտողներ, ովքեր, վերանալով ոճրի քաղաքական համատեքստից (ինչն իրականում արհեստականորեն ստեղծված համատեքստ է), դեպքին վերաբերվում են առաջին հերթին կասկածամտորեն, քանի որ տեղի ունեցածը իսկապես աբսուրդային է, նաև անհասկանալի է, ուստի՝ սույն խմբի մարդիկ, անտրամաբանական նախապայմաններով, զերծ են մնում նաև հետևություններ անելուց ու սպասում են դեպքի հանգուցալուծմանը, հետո՝ նոր, միգուցե, նաև կարծիք արտահայտելուն:
Այսինքն` ամեն մեկը մեր իրականությունում տեղի ունեցած կոնկրետ իրադարձության մասին ունի արդեն պատրաստի պատասխաններ, ներքին համոզմունքներ և պատեհ առիթի է սպասում իր իսկ ներքին համոզմունքները կարծիքի վերածելու համար: Արևմտամետների համար տվյալ ոճիրը Ռուսաստանի կողմից Հայաստանի գաղութացման քաղաքականության հետևանք է, ռուսամետների համար` արևմտյան հատուկ ծառայությունների դավադրություն, ազգայնականների համար (եթե այդպիսինները կան իրականում)` այստեղ թուրքերի մատն էլ է խառը, իշխանամետների համար` տեղի ունեցածը մի տականքի նենգության ու դաժանության հետևանք է: Կան մարդիկ, ովքեր խուսափում են կարծիք հայտնելուց (շառից-փորձանքից հեռու), ընդվզող ընդիմադիրներն էլ կենտրոնանում են ոճրին հետևող մեր և ռուսական պետական մարմինների արձագանքների վրա` ցուցադրելով հայրենի իշխանությունների ապազգային քաղաքականությունը կամ պարզապես քաղաքական թուլությունը: Իրականում, դժվար թե, տեղի ունեցածը իրապես բացահայտվի` հաշվի առնելով խնդրի զանգվածայնացման ներկայիս մակարդակը, սակայն այստեղ առավել կարևոր է այն, որ շարքային հաղորդում, լրատվություն սպառողներն առաջին հերթին քննադատորեն ու կասկածամտորեն մոտենան ոչ թե այս կամ այն լրատվական կայանի իրավացիությանը (ինչն ինքնին ենթադրվում է), այլ՝ իրենց կողմնակալ մտածողությանը, ու եթե ուզում ենք իսկապես դեպքին օբյեկտիվ գնահատական տալ, նախ պետք է վերլուծենք ինքներս մեզ, հետո միայն՝ տեղի ունեցածը:
Լևոն ԲաբաջանյանOrer.am, վերլուծաբան