ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ցավակցություն հայտնի մահացածների հարազատներին, ինչպես նաև ամբողջ հայ ազգին՝ Գյումրիում կատարված ողբերգության հետ, որտեղ սպանվեց ամբողջ ընտանիք: Այս մասին գրում է Russia Today միջազգային ինֆորմացիոն գործակալությունը:
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Գյումրի քաղաքում ընտանիքի սպանության շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին, ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, հաղորդել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետում, և մեղավորները պատիժը կկրեն ըստ օրենքի»,- հաղորդել է Պեսկովը:
«Պուտինը նաև հույս է հայտնել, որ Գյումրիում գտնվող ռուս բժիշկներն իրենց հայ կոլեգաների հետ բարձրակարգ բուժօգնություն կցուցաբերեն ողբերգությունից փրկված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին:
«ՌԴ նախագահն իր հայ կոլեգային հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել, որպեսզի երեխային տեղափոխեն Մոսկվա՝ հետագա բուժման համար»,- հավելել է մամուլի քարտուղարը: