Բոլոր հայրենակիցներիս քաղաքական և այլ հայացքները հարգելով հանդերձ՝ մարդկային ողբերգության վրա դիվիդենտներ հավաքելը, քաղաքականություն խաղալը և «հերոսանալը», համենայն դեպս, ինձ համար չի կարող ընդունելի լինել:
Ցավոք սրտի, այդ երևույթը կա: Դեռևս օրեր առաջ հրապարակվել էր մի տեսանյութ, որում Ավետիսյանների ընտանիքի հարազատները հայտարարություն էին արել՝ խնդրելով չքաղաքականացնել իրենց վիշտը և դրա վրա ռեյտինգ չհավաքել: Խնդրանքը տեսանյութում շատ պարզ էր ձևակերպված, այսինքն՝ դրա անհասկանալի մնալու տարբերակը բացառվում է: Հետևաբար, ես կարծում եմ՝ հնարավոր էր այն կատարել:
Բայց դեպքերի զարգացումը այլ բան ցույց տվեց: Բարձրացված բողոքի ալիքը, գյումրեցիների ցասումը, իհարկե, տրամաբանական էր, քանի որ գյումրեցիների պահանջը շատ հստակ էր և արդարացի՝ հայկական կողմին հանձնել ոճրագործին: Սակայն ինքնաբուխ այս շարժումը աստիճանաբար սկսեց ուղղորդվելու փորձերի ենթարկվել, իսկ ոմանց էլ այս ողբերգությունը Հայաստանում «մայդան» անելու մասին իրենց «գունավոր» երազանքները իրականացնելու հույս ներշնչեց: Սրան անմիջապես հաջորդեցին ապատեղեկատվական հոսքերը և սադրանքները. համացանցը ողողվեց կեղծ օգտատերերի կողմից տարածվող սադրիչ գրառումներով, կեղծ հոդվածներով, որոնց մեջ կային նաև ադրբեջանական ծագում ունեցող նյութեր: Սոցցանցերում էլ կային և կան այդ և նման հրապարակումները համառորեն տարածող հայ օգտատերեր:
Իրադարձությունները քաղաքականացնելու համար, իհարկե, եղել են նաև բացատրություններ, և բազմաթիվ մեղադրանքներ են հնչել իշխանությունների հասցեին, որոնց զգալի մասը, արդարության համար պետք է ասեմ՝ հիմնավոր էր: Սակայն, կարծում եմ, իշխանությունների հանդեպ դժգոհությունները պարտադիր չէ արտահայտել կեղծ և սադրիչ տեղեկատվության տարածումով, իրավիճակը արհեստականորեն սրելով և թշնամության մթնոլորտ ստեղծելու փորձեր անելով: Մանավանդ, եթե հավատանք օրերս լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությանը, թե Գյումրիի ակցիային մասնակցողների և ելույթ ունեցողների մեջ նկատել են նաև Ուկրաինայի քաղաքացիների, ապա կարելի է ենթադրել, որ «մայդան» իրականացնելու «գունավոր» երազանքի փորձեր իսկապես կան՝ բնականաբար, ոչ առանց դրսի ուժերի շահերը սպասարկելու:
Հակառակ դեպքում հարց է առաջանում, թե ինչ գործ ունեն Գյումրիում Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր իբրև թե եկել էին զորակցություն հայտնելու: Այդ երբվանի՞ց են Ուկրաինայի ներկայացուցիչները հայերին զորակցություն հայտնում, այն դեպքում, երբ Ուկրաինայի՝ կասկածելի և հանցավոր անցյալ ու ներկա ունեցող իշխանությունները ունեն ակնհայտ ոչ հայամետ դիրքորոշում: Եվ բնավ չեմ զարմանա, եթե հաջորդ ակցիաներից մեկի ժամանակ ոմանք նկատեն նաև ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ինչ-որ պաշտոնյայի՝ ասենք մասնակիցներին թեյ և սենդվիչներ բաժանելիս:
Հուսով եմ, գոնե փոքրիկ Սերյոժայի մահը չի դառնա իրավիճակը էլ ավելի սրելու գործոն: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց բարոյականությունն էլ չպետք է կորցնել և գոնե պետք է հարգել հարազատների խնդրանքը: Ուրիշի ողբերգության վրա չեն «հերոսանում»:
Կարեն ՎարդանյանOrer.am, վերլուծաբան