ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից /79 արկ/ և ՌՊԳ /21/ ու ԱԳՍ /18/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
Ըստ հաղորդագրության՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր:
Մինչդեռ Orer.am-ի վստահելի աղբյուրները տեղեկացնում են, որ ադրբեջանական կողմը ունեցել է ոչ թե 3, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այլ 5 զոհ: Նրանցից մեկը զոհվել է դիպուկահարի կրակոցից, մյուս 4-ը՝ դիվերսանտների կացարանի՝ блиндаж-ի ոչնչացման հետևանքով: Ադրբեջանական կողմը հետ է շպրտվել՝ նաև ունենալով 2 վիրավոր:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Այսպիսով՝ սահմանային միջադեպերի սանձազերծման ժամանակ կրած մեծ կորուստները թաքցնելու ադրբեջանական կողմի փորձերը ձախողվում են: Ի դեպ, մեծաքանակ զոհերի մասին կցկտուր տեղեկություններ փակ ինֆորմացիոն դաշտի պայմաններում շարունակում են տարածվել նաև ադրբեջանական համացանցում և արտերկրում ապրող ադրբեջանցի բլոգերների գրառումներում: