ՀՀԿ-ն ինքն իրե՞ն է շահարկում. Վահան Բաբայան
ПолитикаԱյսօր ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանն ու Վահրամ Բաղդասարյանը իրենց հարցազրույցներում և ֆեյսբուքյան գրառումներում կարծիք են հայտնել, որ «Շրջանառության հարկի մասին օրենքի» դեմ պայքարը որոշ ուժեր ցանկանում են քաղաքականացնել: Հիշեցնենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի քանի պատգամավորներ միացել էին կառավարության առջև հավաքված ցուցարարներին: Orer.am-ը զրուցել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի հետ՝ փորձելով ճշտել նրա պատասխանն այն մեղադրանքներին, թե իր քաղաքական ուժը «միավորներ է վաստակում» առևտրականների հաշվին: Բաբայանը, մասնավորապես, ասաց. «Լուրջ չեմ վերաբերվում նման խոսակցություններին: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն և մեր խորհրդարանական խմբակցությունը դեռ ամիսներ առաջ էին պայքար մղում, որ այս օրենքը չկիրառվի. փոփոխություններ առաջարկվեցին, դրանից հետո կառավարությունը գնաց զիջման՝ ժամանակ տալով մինչև փետրվարի 1-ը : Այսօր ինչո՞ւ է ոմանց համար մեծ բացահայտնում, որ մեր պատգամավորները հետաքրքրված են այս հարցում և կանգնած են հասարակության այն խմբի կողքին, ովքեր բողոքում են: Դրանք անհիմն խոսակցություններ են: Մնացածի հետ կապված էլ ասեմ, որ եթե քաղաքական կուսակցություններին վերաբերող հայտարարություններ են անում, թող իրենց կուսակցության ներսում անեն: Այսօր մամուլում կարդացի, որ Կարեն Կարապետյանը և այլ պատգամավորներ նույնպես իրենց աջակցությունն են հայտնել պայքարող քաղաքացիներին: Ի՞նչ է նշանակում, որ քաղաքական կուսակցությունների կողմից հարցը շահարկվում է: Ստացվում է, որ ՀՀԿ-ն նույնպե՞ս ինքն իրեն է շահարկում: Մենք անում ենք մեր գործը և մեզ չի հետաքրքրում ՝ ով ինչ մտածեց: Երկուշաբթի այդ հարցը առաջ ենք քաշելու արտահերթ նիստի ժամանակ: Կարծում եմ, որ հասարակության ճնշման ներքո հաջողություն կլինի: Հուսանք, որ այս տխրահռչակ օրենքը կկասեցվի և փոքր ու միջին բիզնեսով զբաղվող մադիկ շունչ կքաշեն»:
Լևոն Փանոսյան