Հավանական է` մի քանի ամսվա մեջ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկ կարվի. Ստյոպա Սաֆարյան
ПолитикаՍերժ Սարգսյանի երեկվա ելույթի և ՀՀԿ-ԲՀԿ հակասության խորացման մասին Orer.am-ը զրուցել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» ՀԿ-ի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի հետ: Պարոն Սաֆարյանը նշեց. «Ինձ թվում է, որ մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ արդեն հայտարարված է «պատերազմ»: Պետք է հասկանալ, թե այդ երկու կողմերի «պատերազմի» հայտարարման նպատակը որն է»: Մեր զրուցակցի խոսքերով՝ երկու ուժերի միմյանցից ազատվելու պատճառները հիմնավոր չեն, որովհետև դրանք քողարկված են: Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ թեև նրանք այս ամենը պայմանավորում են ժողովրդով, բայց այս տարիներին հանուն ժողովրդի ավելի շատ առիթներ են եղել, որոնցից ելնելով` Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է ազատվեր Գագիկ Ծառուկյանից, այլև` ՀՀԿ բազմաթիվ դեմքերից, Ծառուկյանն էլ իր հերթին պետք է ավելի վաղ դուրս եկած լիներ Սերժ Սարգսյանի դեմ: Վերլուծաբանը հույս հայտնեց, որ առաջիկա փուլերում կհստակեցվի՝ սա բեմականացո՞ւմ է, թե՞ Սարգսյանը ուզում է ձերբազատվել ԲՀԿ-ից: «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» ՀԿ-ի տնօրենը չի բացառում, որ այս ամենը կարող է նաև նպատակ հետապնդել լեգիտիմացնել Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր հավակնությունները, և այս պարագայում մենք կունենանք ապաքաղաքական ընդդիմություն: «Պայմանավորված լինի, թե պայմանավորված չլինի, ես կարծում եմ՝ Հայաստանի համար չափազանց վտանգավոր է, որ հերթական անգամ ներքաղաքական կոնֆլիկտի առանցքը լինեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Մենք տեսել ենք, թե ինչով կարող է դա ավարտվել: Դա ավարտվում է կոմպրոմիսով կամ կոալիցիայով: Չպետք է թույլ տալ, որպեսզի կոնֆլիկտը դառնա լեգիտիմ»,- հավելել է Ստյոպա Սաֆարյանը: Հարցին՝ սպասվո՞ւմ է այս հակասության ֆոնին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկություն, թե՞ ոչ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Անշուշտ, քանի որ անցել են անձնական վիրավորանքների և անձնական սպառնալիքների սահմանները: Եթե այսպես շարունակվի, ապա Սերժ Սարգսյանը գուցե փոփոխի կառավարությունը, և ես ենթադրում եմ, որ դա կլինի օլիգարխային հայտարարված պատերազմի անվան տակ, որովհետև ոչ պակաս օլիգարխ են համարվում Հովիկ Աբրահամյանը և ներկայիս կառավարության շատ անդամներ: Այս կտրվածքով կլուծվի ԲՀԿ-ի և Հովիկ Աբրահամյանի քաղաքական դաշտում լինել-չլինելու հարցը: Հետևաբար, հավանական է դառնում, որ մի քանի ամսվա մեջ մենք կունենաք կառավարության փոփոխության հարցը»: