Կարծես թե պարզ էր, որ ընդդիմության լիդերը և եռյակում երաժշտություն պատվիրողն ու որոշումներ ընդունողը հենց ինքը Գագիկ Ծառուկյանն էր, իսկ եռյակի մյուս անդամները՝ դուստր ձեռնարկությունների նախագահները, պարզպես Ծառուկյանի ձեռքին են նայում: Ուստի, հիմա անհասկանալի է, թե նեղն ընկնելով Ծառուկյանն ինչո՞ւ է առաջնահերթ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ԼՏՊ-ի հետ հանդիպել: Ի՞նչ կարող են տալ նրան անցյալում մնացած քաղաքական գործիչները, որոնք հենց իր վրա էլ հույս էին դրել: Մի՞թե այդքան տխուր է ԲՀԿ առաջնորդի վիճակը, որ մնացել է ԼՏՊ-ի և Րաֆֆիի հույսին:
Չնայած, որ վիճակը տխուր է, դրանում կասկած չկա, քանի որ Սերժ Սարգսյանի ելույթից հետո չլսվեց նաև Ծառուկյանի հետևում կանգնած՝ Ռոբերտ Քոչարյանի ձայնը: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ Քոչարյանը չեզոք դիրք է գրավել՝ ամենապատասխանատու պահին որոշելով ընդհանրապես չխառնվել:
Այնպես որ իսկապես հնարավոր է՝ Ծառուկյանը մնա, ասենք, Րաֆֆիի աղոթքների կամ ԼՏՊ-ի «քաղաքագիտական վերլուծությունների» հույսին: Ի դեպ, մի «քաղաքագիտական վերլուծություն» արդեն իսկ հնչեց՝ ՀԱԿ-ի հայտարարության տեսքով, որը հիշեցնում էր դատարանի դահլիճում հնչող փաստաբանական ճառ: ՀԱԿ-ին էլ, իհարկե, չես մեղադրի, քանի որ բացի Ծառուկյանի փաստաբանի դերը ստանձնելուց, այլ բան նրան չի մնում: Խուճապը առավել քան ակնհայտ է, չնայած, եթե ՀԱԿ պատգամավորներին հարցնենք, նրանք երևի կշարունակեն պնդել, որ ռեժիմն է խուճապի մեջ:
Ինչևէ, մոռանալով, որ Սերժ Սարգսյանի՝ Ծառուկյանի հասցեին հնչած մեղադրանքները տարիներ առաջ իրենք էլ էին կրքոտ կերպով հնչեցնում, այսօր ՀԱԿ-ն իր «քաղաքագիտական վերլուծությունը» եզրափակում է հետևյալ տողերով. «Ժողովուրդը շատ հստակ գիտակցում է, թե ով է մեղավոր երկրի ներկա աղետալի վիճակի համար և ի վերջո պատասխանի է կանչելու իրական հանցագործներին»: Սա նույնն է, ինչ ասել, թե «ռեժիմը խուճապի մեջ է» կամ «հաղթելու ենք»: Ենթատեքստը նույնն է, ժողովուրդ ասվածն էլ՝ իրենց շուրջ հավաքված՝ արդեն սակավաթիվ զանգվածը: Այսինքն՝ ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվում, ժողովուրդը պատասխան է պահանջում, ռեժիմն էլ խուճապի մեջ է, արմատական ընդդիմությունն էլ հաղթում է՝ մնալով միշտ պարտված:
Ահա թե ինչպիսի քաղաքական ուժերի վրա է հույս դրել ԲՀԿ առաջնորդը: Չնայած՝ ճարն ի՞նչ, այլ տարբերակ ունի՞: Չեմ կարծում, թե իր ընկեր Լուկաշենկոն այս պարագայում կփորձի նրան ձեռք մեկնել, եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը դա չարեց:
Կարեն Վարդանյան