«Մակարդակից ելնելո՞վ է ՀՀԿ-ն մենաշնորհ պահում քաղաքական դաշտում». Տիգրան Կարապետյան
ПолитикаԱյսօր լրագրողներին է հանդիպել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը,- տեղեկացնում է Orer.am–ը: Կարապետյանի խոսքով՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը Հանրապետական կուսակցությանն օգուտ չի բերի: Նա նշեց, որ տարօրինակ է հակասությունը անձնական հարթության վրա տանելը և մակարդակից խոսելը: Խոսելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցից՝ Կարապետյանը հարց տվեց պարոն Աշոտյանին. «Մակարդակից ելնելո՞վ են բոլոր չինովնիկները բիզնեսով զբաղվում ու միլիարդատեր դառնում, մակարդակից ելնելո՞վ է ՀՀԿ-ն մենաշնորհ պահում քաղաքական դաշտում, ու ով դեմ է դուրս գալիս, թշնամի է, մակարդակից ելնելո՞վ է ռոումինգը փողով, որ ծնողները զանգեն սահմանը պահող զավակներին, կամ արդյո՞ք մակարդակից ելնելով են արագաչափեր դրել և հարստանում»: Կարապետյանը սխալ է համարում խոսել գիտելիքներից: Ըստ նրա՝ «շատ իմացողները» իրենց օգուտն ունեն. գիտեն որտեղ լինեն և ում հետ: ԱԼՄ հեռուստաընկերության նախկին նախագահը հիշեց, որ ժամանակին իրենց հեռուստաընկերության եթերներին գալիս էին ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները և առանձնապես խելացի խոսքով աչքի չէին ընկնում: Կարապետյանը ասաց նաև, որ փետրվարի 20-ի հանրահավաքին ժողովուրդն իր խոսքը կասի: Ինքը՝ ԺԿ նախագահը, նույնպես մասնակցելու է հանրահավաքին: Տիգրան Կարապետյանը եզրափակեց խոսքը՝ նշելով, որ ոչ պաշտոն է ուզում ոչ էլ ԱԼՄ-ի վերաբացումը:
Լևոն Փանոսյան