Այսօր լրագրողներին են հանդիպել աստվածաբան, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը: Բանախոսներն անդրադարձել են ՀՀԿ-ԲՀԿ վերջին առճակատմանը,-հայտնում է Orer.am-ը:
Վարդան Խաչատրյանը խոսելով ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության և դրա հետևանքների մասին՝ նշեց. «Եթե ես լինեի ԲՀԿ-ի ղեկավարության տեղը, ապա չէի ցուցաբերի բացահայտ ակտիվություն, որը կբերեր առճակատման»:
Նախկին պատգամավորը նաև տեսակետ հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող քաղաքականությունից դուրս գալ, քանի որ դա կնշանակի հետընթաց, և ժողովրդի մեջ խորը հիասթափություն կառաջանա:
«Ժողովուրդն այսօր սպասում է հանգուցալուծումների: Փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելը դեռևս չի նշանակում ինտրիգային դրության վերջնական հանգուցալուծում, որովհետև այս հակասությունը դեռ մնում է չլուծված, ուստի, եթե այն չշարունակվի որոշակի հարթության մեջ, ապա ապագայում ևս այսպիսի վիճակ կստեղծվի»,- կարծում է Վարդան Խաչատրյանը:
ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ խորհուրդ է տալիս ժովորդին` ծանր չտանել այս ամենը: Ըստ նրա՝ սա քաղաքականություն է և այստեղ հնարավոր է ամեն ինչ:
«Կարևոր է, որ քաղաքական գործիչները պատասխանատվություն կրեն իրենց ընտրողների համար»,-ավելացրեց Մարտիրոսյանը:
Լևոն Փանոսյան