Նուլանդի հետ հանդիպմանը դիվերսանտների հարց չի քննարկվել. Լևոն Բարսեղյան
ПолитикаԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդն իր հայաստանյան ասուլիսի ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ էր արել Ադրբեջանին վերադարձնել ադրբեջանցի երկու դիվերսանտներին: Հայտնի է, որ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչն այցի շրջանակներում հանդիպել է հայաստանյան մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Orer.am-ը զրուցել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ և հարցրել՝ վերահաստատե՞լ է տիկին Նուլանդն իր կոչն այդ հանդիպման ժամանակ և ի՞նչ դիրքորոշումներ են արտահայտել ներկաները: «Ես Նուլանդի հետ հանդիպմանը մասնակցել եմ ևս 4 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, հանդիպումը տևել է 45 րոպե, տիկնոջը հետաքրքիր էր մեր կազմակերպությունների գործունեությունը, ՀՀ քաղաքացիական հասարակության վիճակը եւ խնդիրները: Ամենքս ներկայացրել ենք մեր ոլորտը եւ դրան առնչվող խնդիրները: Հանդիպումը համարվում է փակ, և մանրամասներ հաղորդելու իրավունք չունեմ: Այդպիսի հանդիպումներ տարբեր դիվանագետների հետ լինում են տարեկան 10-25 անգամ, որոնց ես մասնակցում եմ: Դիվերսանտներ հանձնելու, ԼՂՀ կարգավորման, «մայդան» անելու կամ հարանման հարցեր չեն քննարկվել ու չէին կարող քննարկվել. եթե կարծիք հարցներ` կասեի, սակայն չի հարցվել եւ չի խոսվել: ԼՂՀ հակամարտության մասով ես ընդամենը հասցրել եմ ասել անցած տարվա ընթացքում իրադրության սրման եւ սահմանային միջադեպերի ու դիվերսիաների պատճառով մեր կողմից զոհերի թվի շեշտակի աճի մասին` 26` 2014, համեմատելով դրան նախորդած 5 տարիների դեպքերի թվի հետ` 5-12` 2009-2013թթ.: Ես սկզբունքորեն այդօրինակ հանդիպումներում չեմ ասում բաներ, որոնք հրապարակավ չեմ ասել: Դրանք բանակցություններ չեն, և ես մեր կազմակերպության անունից կամ որպես Գյումրու ավագանու անդամ խոսելուց բացի, այլ լիազորություններ չեմ ունենում այդ հանդիպումներում, եթե լիազորված լինեմ ինչ-ինչ այլ հարցերից խոսելու համար, ապա մինչեւ հանդիպումը կհայտարարեմ այդ մասին»,-նշեց Լեւոն Բարսեղյանը:
Լևոն Փանոսյան