Փետրվարի 24-ի առավոտից Ադրբեջանի բանկերի և փոխանակման կետերի մեծ մասը դադարեցրել է արտարժույթի փոխանակման գործողությունները: Նման իրավիճակ դիտվել էր նաև երեկ: Չնայած Ադրբեջանի կենտրոնական բանկի հավաստիացումներին և հայտարարություններին, բազմաթիվ փոխանակման կետեր մանաթի նոր կուրսով փոխանակումներ չեն կատարել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաքվի արտարժույթի փոխանակման կետերում «Թուրան» լրատվական գործակալության թղթակցին հայտարարել են, որ փող չկա կամ' որ գործողություններ անցկացնելու հանձնարարություն չեն ստացել:
Նույնպիսի իրավիճակ է նաև դրամական փոխանցումների հարցում: Մարդիկ չեն կարողանում ուղարկել կամ ստանալ դրամական փոխանցումները:
Կայքը հայտնում է, որ հնարավոր չէ պատկան կառույցներից բացատրություն ստանալ պատճառների մասին և այն մասին, թե դեռ ինչքան պետք է շարունակվի այդ իրավիճակը:
Ադրբեջանում ֆինանսական տենդը սկսվել է փետրվարի 21-ին, այն բանից հետո, երբ այդ երկրի ԿԲ-ը 33,5 տոկոսով կտրուկ արժեզրկել է ազգային արժույթ մանաթը:
Ադրբեջանի ԿԲ-ն հայտնել էր, որ փետրվարի 23-ին 10 փոխանակման կետ և 6 բան խախտել են արտարժույթի փոխանակման կանոնները, ինչի պատճառով նրանց արտոնագրերը չեղյալ են հայտարարվել: Խոսքն այն մասին է, որ նշված փոխանակման կետերն ու բանկերն արհեստականորեն նվազեցրել են ազգային արժույթի կուրսը' մեծացնելով դոլարի ու եվրոյի կուրսը:
Ներկայումս ադրբեջանական մանաթի կուրսը, մեկ դոլարի նկատմամբ հունվարի սկզբին եղած 0,780 մանաթի դիմաց, նվազել է մինչև 1,0501 մանաթ, և մեկ եվրոյի դիմաց' մինչև 1,19 մանաթ:
Ազգային արժույթի նման կտրուկ արժեզրկումն ադրբեջանական հասարակության մեջ խուճապային տրամադրություն է ստեղծել, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները չափազանց երկար ասում էին այն մասին, որ երկրի ֆինանսական համակարգը հանդիսանում է աշխարհում գրեթե ամենակայունը: Ադրբեջանի ԿԲ ղեկավարը բազմաթիվ անգամ հանդես էր եկել հուսադրող հայտարարություններով, թե «թագավորությունում ամեն բան հանգիստ է», և վստահեցրել մանաթի կայունությանը:
«Թուրանը» հայտնում է, որ փետրվարի 21-ի կտրուկ արժեզրկումից հետո մանաթն ավելի զգայուն է դարձել նավթի գների նկատմամբ, և բոլոր հետագա զարգացումները թելադրվելու են այդ գների շարժով:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայումս այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: